211652_close_icon

ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում. «Հետք»

views-count2494 դիտում article-date 23:26 17-08-2025
Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի: Այս մասին հայտնել է middleesteye.net-ը: Գրում է «Հետք»-ը:

Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է:

Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հովանավորվող GHF-ը լայնորեն քննադատվել է Իսրայելի կողմից պաշարված Գազայի հատվածում սննդի բաշխման ռազմականացված մեխանիզմ կիրառելու պատճառով, իսկ այնպիսի բարեգործական կազմակերպությունները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների»-ն, GHF-ին մեղադրել են «սովն ու անմարդկայնությունը» ինստիտուցիոնալ դարձնելու մեջ: Լրատվամիջոցը նաեւ փոխանցում է, որ GHF-ի մատակարարման կետերում սնունդ ստանալիս, օգնություն ստանալու հերթում գտնվելիս կամ GHF-ի կենտրոններ գնալիս առնվազն 1.800 պաղեստինցի է սպանվել եւ ավելի քան 13.500-ը վիրավորվել:

Միաժամանակ middleeasteye.net-ը նկատում է, որ GHF-ը մի քանի անգամ հերքել է, թե իր կետերում որեւէ մեկը սպանվել է, եւ նշել, թե օգնություն փնտրող սպանված անձանց մասին ՄԱԿ-ի քանակական տվյալները «կեղծ են եւ մոլորեցնող»:

«Այս զոհերը լուրջ մտահոգություններ են առաջացնում GHF-ի գործունեության շրջանակի վերաբերյալ եւ առ այն, որ դրա ղեկավարությունը հնարավոր է մեղսակից է միջազգային իրավունքով հանցագործություն համարվող գործողությունների նպաստմանը եւ կատարմանը»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրության մեջ:

Նամակում նաեւ նշվում է, որ GHF-ը գրանցված է թե՛ ԱՄՆ Դելավեր նահանգում, թե՛ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Հղում անելով ամերիկյան CBS News-ին՝ նամակում հիշեցվում է, որ, շվեյցարական GHF-ի հիմնադիր փաստաթղթերի համաձայն, դրա ղեկավարները 3 անձինք են՝ Դավիթ Փափազյանը (David Papazian)՝ Հայաստանից, որը, սակայն, ապրում է Մեծ Բրիտանիայում, Լոիկ Սեմուել Մարսել Հենդերսոնը (Loik Samuel Marcel Henderson)՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքից, եւ Դեւիդ Կոլերը (David Kohler)՝ Շվեյցարիայից:

AOHR-ը նշել է, որ Փափազյանը շվեյցարական GHF-ի խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ: Ըստ բրիտանական իրավապաշտպան կազմակերպության՝ նման կրկնակի կառուցվածքը հանդիսանում է «ադմինիստրատիվ քողարկման եւ խարդախության կանխամտածված սխեմայի» մաս, որի նպատակը որոշումների ընդունման գործընթացը եւ ֆինանսավորման աղբյուրները թաքցնելն է:

Middle East Eye-ը հիշեցնում է, որ 43-ամյա Դավիթ Փափազյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) տնօրենն է եղել 2019-2024 թթ., եւ մի շարք խոշոր գործարքներ է իրականացրել, այդ թվում՝ ԱՄԷ-ի էներգետիկ գիգանտ «Մասդար» ընկերության հետ (խոսքը վերջինիս եւ ԱՆԻՖ-ի ստեղծած «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի մասին է, որն Արագածոտնի մարզում պետք է կառուցի «Այգ-1» ֆոտովոլտային կայանը):

Լրատվամիջոցը նշում է, որ չնայած AOHR-ի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքում հայ-արաբական այս գործարքի մասով որեւէ անօրինական արարք չի հիշատակվում, այդուհանդերձ, Փափազյանի միջազգային բիզնես կապերը, մասնավորապես՝ ԱՄԷ-ում, արտացոլում են նրա ազդեցությունը GHF-ի ղեկավարության վրա, ինչպես նաեւ այն հարաբերությունները, որոնք նա հավանաբար հաստատել է Աբու Դաբիում, որը վերջին տարիներին դարձել է Իսրայելի կարեւոր դաշնակիցը:

Middle East Eye-ը հիշեցնում է նաեւ, որ ԱՆԻՖ-ը գրասենյակ էր բացել Աբու Դաբիում (մասնաճյուղեր կային նաեւ Մոսկվայում ու Փարիզում): Մյուս կողմից՝ Փափազյանը հայ-արաբական «Ֆլայ Արնա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահն էր:

Լրատվամիջոցը նկատում է, որ Փափազյանն ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին՝ ֆոնդը վատ կառավարելու հիմնավորմամբ, իսկ հետո մեջբերում է վարչապետ Փաշինյանի կողմից 2025-ի հունվարին ԱՆԻՖ-ի գործունեությանը տրված գնահատականները՝ «ձախողում» եւ «խայտառակություն»:

Իրավապաշտպան AOHR-ը պնդում է, որ Փափազյանը GHF-ում զբաղեցրած իր պաշտոնով «առանցքային դեր է խաղացել օպերատիվ օգնության տրամադրման մոդելի մշակման, հաստատման եւ իրականացման վերահսկման գործում, ինչը հանգեցրել է զանգվածային վնասի քաղաքացիական բնակչության շրջանում»:

Կազմակերպությունը նաեւ նշում է, որ GHF-ը հիմնադրվել է «իսրայելական կառավարության կողմից սահմանված՝ պատերազմի ռազմավարական նպատակներին ծառայելու համար»՝ փոխարինելով ՄԱԿ-ի հումանիտար գործակալություններին եւ խաթարելով նրանց գործունեությունը: «Գազայում պատերազմի վաղ փուլերից օկուպացիոն ուժն (Իսրայելը) սկսել է դեմոնացնել մարդասիրական օգնության ջանքերը… Պարզ է դարձել, որ հիմնական նպատակը հումանիտար անկախ գործողությունների խափանումն էր»,- ասում է AOHR-ը:

Վերջինս ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում նշել է, որ Դավիթ Փափազյանը «ամբողջովին տեղյակ» է եղել այն զեկույցներից, որոնցում ՄԱԿ-ի մարմիններն արձանագրել են ցեղասպանական գործողություններ, ներառյալ՝ սովն իբրեւ զենք օգտագործելը, սակայն գործել է՝ «կեղտոտ ֆինանսական շահ հետապնդելով»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր