211652_close_icon

Արբիտրաժի որոշումը պետք է կատարեն, այլապես Հայաստանը տնտեսական մեծ վնասներ կկրի. Նարեկ Կարապետյան

views-count973 դիտում article-date 16:30 27-07-2025
Հայկական եկեղեցու ամենամեծ խորհուրդը մեղքերից ու սխալներից ապաշխարհելու խորհուրդն է, եթե շատերը ապաշխարհեն իրենց ոչ ճիշտ մտքերից, դա կբերի համերաշխության, որովհետեւ անսխալական մարդ չկա, պետք է հասկանան, որ այդ սխալներն արել են, չնայած, ես քիչ եմ հավատում այդ սցենարին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում նշեց  կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյան՝ մեկնաբանելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ «ՀԷՑ»-ի վերաբերյալ արբիտրաժի վճիռը չկատարելու հավանականությունը:

«Չենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում միայն հետադիմական ու տոտալիտար երկրներն են այդպես վարվում։  Այսինքն դա կլինի ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության մեջ մեծ խնդրահարույց հարց, որը կբերի մեր երկրի վարկունակության հետ խնդիրների և շատ այլ խնդիրների։ Այդ պատճառով շրջահայաց տնտեսական քաղաքականություն տանող կառավարությունը վաղ, թե ուշ, պետք է համաձայնի արբիտրածի որոշմանը, որպեսզի երկիրը չենթարկի նոր մարտահրավերների», - ասել է նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարել են, որ միջազգային արբիտրաժի որոշումը կարող են չկատարել, որ այն պետք է անցնի ազգային ատյաններով, Նարեկ Կարապետյանը նկատեց. «Միջազգային պայմանագրերը, միջազգային դատարանների որոշումները գերակա են ներազգային որոշումների նկատմամբ, այսինքն եթե արբիտրաժը որոշումը կայացրել է, դա պետք է կատարվի։ Եթե գնում են հապաղման կամ չկատարման ճանապարհով, դա կբերի շատ մեծ բացասական հետեւանքների մեր երկրի տնտեսական վարկանիշի հետ կապված»։

Նա նաեւ հավելեց, որ չի կարծում, թե որեւէ գործարար կգնա նրան, որ ձեռք կբերի ՀԷՑ–ը, քանի որ գոյություն ունի արբիտրաժի որոշումը։
Հիշեցնենք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է ՀՀ-ին ձեռնպահ մնալ «ՀԷՑ» ՓԲԸ-ի նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» -ի բռնագրավման հետագա քայլերից։

Նմանատիպ նյութեր