211652_close_icon

Կա հնարավորություն չկատարելու Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ՀԷՑ-ի մասին, եթե դա հակասում է հանրային կարգին․ Սրբուհի Գալյան

views-count2689 դիտում article-date 13:39 24-07-2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀԷՑ-ի շուրջ ընթացող արբիտրաժային գործընթացին՝ շեշտելով, որ միջազգային արբիտրաժները վեճերի լուծման ճանաչված մեխանիզմներ են, և Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք բխում են միջազգային կոնվենցիաներից և պայմանագրերից։

«Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է, այսինքն՝ մենք ունենք պարտավորություն ստանձնած, այն դեպքում, երբ միացել ենք որոշակի կոնկրետ կոնվենցիաների, առաջնորդվել այդ կոնվենցիաներով և իհարկե կատարել միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները», – նշել է նախարարը։

Նա ասել է, որ կոնվենցիաները լինում են տարբեր՝ երկկողմ և բազմակողմ, և ՀԷՑ-ի հետ կապված վեճը կարգավորվում է հենց նման երկկողմ ներդրումային պայմանագրի շրջանակներում։
Նախարարի խոսքով՝ այդ գործընթացը նաև ամրագրված է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության շրջանակում։ Նա պարզաբանել է․ «կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանի, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը և հետո նոր դառնա դա պարտադիր կատարման ենթակա»։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված է բացառություն՝ այն դեպքերի համար, երբ որոշումը հակասում է հանրային կարգին։ «Ես չեմ կարող ասել՝ դա կհակասի հանրային կարգին, թե ոչ, սակայն կարող եմ նշել, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է մեկ նպատակ՝ խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր», – նշել է Գալյանը։

Նախարարի խոսքով՝ Ստոկհոլմի արբիտրաժը չի արձանագրել այդ նպատակը, և դրա պատճառը գործի ընթացիկ փուլն է։ «Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի, ըստ էության, քննության հետ», – եզրափակել է Արդարադատության նախարարը։

Նմանատիպ նյութեր