211652_close_icon

Կամբոջա-Թաիլանդ սահմանին մարտերը շարունակվել են ամբողջ գիշեր

views-count2941 դիտում article-date 11:23 25-07-2025
Ուրբաթ՝ հուլիսի 25-ին, Կամբոջայի և Թաիլանդի սահմանին երկրորդ օրն անընդմեջ շարունակվել են բախումները՝ հրետանու, ծանր տեխնիկայի և ինքնաթիռների կիրառմամբ։ Երկու երկրների միջև տասնամյակներ շարունակվող տարածքային հակամարտությունը կտրուկ սրվել է, գրում է dw.com-ը։

Սա տեղի է ունեցել Թաիլանդի և Կամբոջայի կողմից դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցնելու և դեսպաններին հետ կանչելու որոշումից հետո: Դրան նախորդել էր թաիլանդցի զինվորի՝ վիճելի տարածքում ականի վրա պայթելը:

Հուլիսի 24-ին սահմանի երկայնքով տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են դրա սկսվելու և սադրանքների համար։ Բանգկոկը հայտարարել է, որ Կամբոջան ծանր հրետանիով հարձակվել է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թիրախների վրա։ Ի պատասխան՝ թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում գտնվող թիրախներին։

Մարտերը շարունակվել են ուրբաթ։ «Կամբոջայի զինված ուժերը շարունակել են հրետակոծել ծանր զենքերով, դաշտային հրետանով և BM-21 Grad բազմակի հրթիռային կայանքներով», - ասվում է թաիլանդական բանակի հայտարարության մեջ։

Թաիլանդական զորքերը պատասխանել են «համարժեք պատասխան կրակով՝ համապատասխան մարտավարական իրավիճակին»։ «Երկու բանակներն էլ շարունակել են օգտագործել ծանր հրետանի՝ միմյանց դիրքերը հրետակոծելու համար», - ասել է Կամբոջայի պաշտպանության նախարարության խոսնակը։

Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Ավելի քան 100,000 մարդ արդեն լքել է իրենց տները Թաիլանդի սահմանամերձ շրջաններում։

Թաիլանդը և Կամբոջան ավելի քան մեկ դար վիճարկում են իրենց 817 կիլոմետրանոց սահմանի շուրջ, ինչը հանգեցրել է բազմիցս զինված բախումների։

Հակամարտությունը կենտրոնացած է Պրեահ Վիհեար տաճարային համալիրի և շրջակա հողերի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է 2008 թվականից և երկու երկրներն էլ հավակնում են դրան:

Իրավիճակը կրկին սրվել էր 2025 թվականի մայիսին, երբ կամբոջացի զինվոր էր սպանվել փոխհրաձգության ժամանակ։ Թաիլանդն այժմ մեղադրում է Կամբոջային վերջերս վիճելի տարածքում նոր ականներ տեղադրելու համար։ Պնոմպենը հերքում է սա՝ պնդելով, որ ականները տարիների քաղաքացիական պատերազմի արդյունք են։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ արտակարգ նիստ է հրավիրել մարտական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է AFP-ն։ Նիստը հրավիրվել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանետի խնդրանքով։

Նմանատիպ նյութեր