211652_close_icon

Հայաստանը բաց է չինական ներդրումների համար. Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին

views-count613 դիտում article-date 19:48 16-07-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։

«Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց է չինական ներդրումների համար»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների, էլեկտրաշարժիչների և լիցքավորման ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։

Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ներդրումային քաղաքականության առանցքային ուղենիշները՝ ընդգծելով օտարերկրյա ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները։

Քննարկման առանցքային թեմաներից է եղել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախարարի գնահատմամբ կարող է դառնալ տարածաշրջանային և լայնածավալ տնտեսական համագործակցության կարևոր հարթակ։

Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը ունի մեծ ներուժ չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու համար։ Նա նաև ընդգծել է, որ չինացի սպառողների շրջանում մեծ սեր և հետաքրքրություն կա հայկական ապրանքանիշերի՝ մասնավորապես կոնյակի (հայկական բրենդիի), գինու և ծխախոտի նկատմամբ։

 

Նմանատիպ նյութեր