211652_close_icon
views-count1152 դիտում article-date 15:35 26-11-2021

Հայ-չինական հարաբերություններում փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան. ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը:

Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանության եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ առկա է արդյունավետ համագործակցություն: Այս հարցում ԱԺ փոխնախագահն ընդգծել է դեսպանի ուրույն դերակատարությունը:

«Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց ուղի ապահովել, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար»,- փաստել է խորհրդարանի փոխխոսնակը:

Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Ֆան Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով:

Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանն առանձնակի կարեւորել է այս ձեւաչափի գործուն նշանակությունը օրենսդիրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:

Լենա Նազարյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին եւ այս հարցում կարեւորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին:

Գուրգեն Արսենյանը երկկողմ համագործակցության ընդլայնման համատեքստում խոսել է կրթական, մշակութային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին եւ հավելել, որ դա հնարավորություն կտա երկու ժողովուրդներին փոխադարձաբար ծանոթանալու մշակութային արժեքներին:

Բաբկեն Թունյանը, կարեւորելով տնտեսական համագործակցության խթանումը,  կարծիք է հայտնել, որ չնայած համավարակին՝ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան հիմնականում պահպանվել է: Պատգամավորն անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությանը:

Կողմերը կարեւորել են նաեւ համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում:

Նմանատիպ նյութեր