211652_close_icon

Հունգարիան չի ֆինանսավորի ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումներն Ուկրաինային. Սիյարտո

views-count517 դիտում article-date 22:39 14-07-2025
Հունգարիան չի ֆինանսավորի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումը, եթե Միացյալ Նահանգները պաշտոնապես դիմի նման առաջարկով Եվրամիությանը:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնության հնարավոր վերսկսման մասին հաղորդումները:

«Ես կցանկանայի ընդգծել, որ հունգարական փողը, հունգարական զենքը և հունգարացի զինվորները չեն ուղարկվի Ուկրաինա: Այնտեղ ոչինչ չի ուղարկվի», – ասել է Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Մարոկկոյի արդյունաբերության և առևտրի նախարար Ռիյադ Մեզուրի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Միևնույն ժամանակ Սիյարտոն վստահություն է հայտնել, որ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման հնարավոր վերսկսումը չի նշանակում, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է շարունակել հակամարտությունը կարգավորելու ջանքերը: 

«Կարող եմ միայն ասել, որ ոչ ոք այնքան շատ բան չի արել Ուկրաինայում խաղաղության համար, որքան Թրամփը։ Եվ եթե եվրոպացի և ուկրաինացի ղեկավարները վերջին ամիսներին չխանգարեին Դոնալդ Թրամփին, ապա այդ խաղաղության ջանքերը կարող էին շատ ավելի հաջող լինել», – նշել է նախարարը։

Նմանատիպ նյութեր