211652_close_icon

Հրազդան քաղաքում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և այնտեղից կատարել գողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4456 դիտում article-date 11:01 12-07-2025
Այսօր՝ հուլիսի 12-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութան Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի 141/1 հասցեում գործող «Ucom» ընկերությունը թալանել են: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ: 
 
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին, մտել ներս և այնտեղից գողություն են կատարել: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակել են բջջային հեռախոսներ: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
 
Հրազդանի ոստիկանները պարզում են՝ ինչքան վնաս է պատճառվել «Ucom» ընկերությանը: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր