211652_close_icon

ՔԿ-ի դռները փակ են նաև փաստաբանների համար. Սերգեյ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

views-count502 դիտում article-date 14:15 10-07-2025
Ես վստահ եմ, որ այս գործով հանրությանը փորձելու են ներկայացնել, ինչ-որ առումով նաև շեղել հերթական, գուցե ինչ-որ ամոթալի փաստաթղթերից կամ խոստումներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ ՀՅԴ-ական երիտասարդների տնից առգրաված զենքերի և նրանց ձերբակալումների մասին:

Հարությունյանը, որի պաշտպանյալը նույնպես ՔԿ-ում է, մեկ ժամից ավել է չի կարողանում շենք մուտք գործել: Ոստիկաններն ասում են՝ ցուցում ունեն դուռը փակելու, բայց որևէ պատճառ չեն նշում:

Փաստաբանը խնդրահարույց է համարում նաև ՄԻՊ-ի գործունեությունը, և կառույցից որևէ սպասելիքներ չունի.  «ՄԻՊ-ից չունեմ սպասումներ, հատկապես վերջին տարիների գործունեությունը հաշվի առնելով: Գուցե լսենք հորդորներ կամ՝ կոչ, որ քննիչներն ու փաստաբանները պետք է հաշտ լինեն, իրար հետ համագործակցեն, աշխատեն... կարծում եմ՝ այդ կոչից ավել բան չենք լսի»։

Անդրադառնալով երիտասարդներից մեկի ձերբակալությանը՝ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել, նշել, որ նա սթրայքբոլ սպորտաձևի սիրահար է, և խաղի համար նախատեսված գնդակները դիտարկել պայթուցիկ՝ զավեշտալի է:

«Ես վստահ եմ, որ այս շենքում պրոֆեսիոնալ իրավաբաններ են։ Վստահ եմ, որ այդ պրոֆեսիոնալ իրավաբանները այս վարույթի նյութերը և տղայի ցուցմունքը լսելուց հետո լիարժեք հասկացել և պատկերացրել են, որ խոսք է գնում ընդամենը սպորտաձևի մասին, բայց ինչ-ինչ ցուցումներ է ամենայն հավանականությամբ եղել, որ սա վերցնեն ու դարձնեն հերթական շոուն»։

Փաստաբանն ամփոփելով ասել է, որ այլ մանրամասներ կներկայացնի հաջորդիվ, քանի որ այժմ դռները փակ են, և որևէ տեղեկություն կամ պարզաբանում գործի վերաբերյալ չունեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  ՔԿ-ից հայտնել են՝ աhաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր