211652_close_icon

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը՝ լրագրողների ազատազրկման պատճառ. «Գեղարդ» հիմնադրամ

views-count598 դիտում article-date 14:59 04-07-2025
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում կոռուպցիոն բացահայտումների լուսաբանող 7 անկախ լրագրողների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումներին և ազատազրկումներին:
«Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքների կոռուպցիոն խոշոր գործարքների վերաբերյալ բարձրաձայնած 7 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ 

Ավելին` լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ ցուցմունքները։ Ազատազրկված լրագրողները պարբերաբար ահազանգում են ադրբեջանական բանտերում գործող անմարդկային վերաբերմունքի մասին։  

Լրագրողների նկատմամբ ճնշումների ու ազատազրկումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպական միությունը՝ կոչ անելով Ադրբեջանին «հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու»։

ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ լրատվական կայք համարվող «AbzasMedia»-ի լրագրողների ու աշխատակազմի նկատմամբ հունիսի 20-ին կայացված դատավճիռներին։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն «AbzasMedia»-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալըին, ինչպես նաև՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալըզադային դատապարտել է 9 տարվա ազատազրկման։ Լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան դատապարտվել են 8 տարվա, իսկ փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը՝ 7,5 տարվա ազատազրկման։ 

«AbzasMedia»-ի լրագրողները ձերբակալվել էին դեռևս 2023 թվականի վերջին, իսկ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալըզադան՝ 2024 թվականի մայիսին։ Թեև «AbzasMedia»-ն հայտարարել է, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն իրենց աշխատակիցը չէ և իրենց հետ առնչություն չունի, սակայն Մեհրալըզադան ձերբակալվել է նույն գործի շրջանակներում։ Լրագրողը նշել է, որ իրեն հետապնդում են «Ազատություն» ռադիոկայանում իր կատարած տնտեսական հետաքննությունների համար։ «Դատախազությունն ինձ նաև «AbzasMedia»-ի աշխատակցի պաշտոնում է «նշանակել»՝ իբր թե ես այնտեղ տնտեսական փորձագետ եմ եղել, աշխատել եմ գրասենյակում։ Այս երկու պնդումներն էլ կեղծ են»,- հայտարարել է լրագրողը։

Ձերբակալվածները մեղադրվել են «արժույթի մաքսանենգության», «փողերի լվացման», «հարկերից խուսափելու» և «փաստաթղթերի կեղծման» մեջ։

Վերջիններս չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքները՝ հայտարարելով, որ ձերբակալությունները քաղաքական հետապնդումներ են՝ կապված կոռուպցիային առնչվող իրենց հետաքննությունների հետ։ Մասնավորապես՝ հետաքննությունն «առնչվում է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմին հաջորդած վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև՝ պետությանը փոխկապակցված ընկերությունների ապօրինի ֆինանսական ցանցերի մասին հաղորդումներին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր