211652_close_icon

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները հարված են մեր ազգային ինքնության դեմ․ Դիվանագետների համահայկական խորհուրդ

views-count2200 դիտում article-date 23:12 18-06-2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․

Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն ու անհամաձայնությունն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու արժանավոր զավակ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ գործող իշխանությունների կողմից ձեռնարկված անօրինությունների և կամայականությունների առթիվ:

Հայ հասարակության վերաբերմունքը Կարապետյանների ընտանիքի և անձամբ Սամվել Կարապետյանի հանդեպ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին նրանց կողմից հայ ժողովրդին և հայկական երկու հանրապետություններին ցուցաբերած ծառայությունների, բազմաթիվ ազգօգուտ ծրագրերի իրականացման արդյունքում, որոնք նպաստել են Հայաստանի Հանրապետության, Արցախի զորացմանը և հայ ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը:

Միջազգային ասպարեզում և Սփյուռքում բարձր հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների ձեռնարկած գործողությունները հերթական կործանարար հարվածներն են մեր ազգային ինքնության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից: Նման սադրանքներին մասնակից իրավապահներին և իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներին կոչ ենք անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ ու մարդու հիմնարար իրավունքների գերակայությամբ, տուրք չտալ Հայաստանի անվտանգային խնդիրներից շեղող և ազգային շահերին հակառակ առաջ տարվող շահարկումներին:

Ցանկացած իշխանության պայքարը իրենից բազմապատիկ հեղինակավոր և ազգի համար օգտակար անհատների դեմ միայն ահագնացող խուճապի նշան է, դատապարտված է ձախողման ու պատմության արժանի դատաստանին:

18 հունիսի, 2025թ.

 

Նմանատիպ նյութեր