211652_close_icon

Երկու ամիս առաջ Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի՝ «գործարք կնքելու» համար, այսօր 61-րդ օրն է. հիմա նրանք 2-րդ հնարավորությունն ունեն. Թրամփ

views-count550 դիտում article-date 17:23 13-06-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի կողմից Իրանին զանգվածային հարվածների, ֆոնին հայտարարել է, որ Թեհրանին 2-րդ հնարավորությունն է տալիս՝ միջուկային գործարք կնքելու համար:

«Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի՝ «գործարք կնքելու» համար։ Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասացի, թե ինչ անեն, բայց նրանք պարզապես չկարողացան անել դա։ Հիմա նրանք, թերևս, երկրորդ հնարավորությունն ունեն», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցկայքում։

Սրան նախորդած հրապարակման մեջ ԱՄՆ նախագահը գրել էր. «Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու։ Ես նրանց ասացի, ամենահստակ խոսքերով, «պարզապես արե՛ք դա», բայց անկախ նրանից, թե որքան ջանք թափեցին, անկախ նրանից, թե որքան մոտեցան գործարքի կնքմանը, չկարողացան անել: Ես նրանց ասացի, որ իրենց սպասվածից շատ ավելի վատ է լինելու:

Մենք ասացինք՝ Միացյալ Նահանգները, անկասկած, արտադրում է աշխարհի լավագույն և ամենամահացու ռազմական տեխնիկան, և որ Իսրայելը դրանից շատ ունի և դեռ շատ ավելին է ունենալու։ Եվ նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել դա։ Որոշ իրանցի կոշտ գծի կողմնակիցներ շատ համարձակ  էին խոսում, բայց չգիտեին, թե ինչ էր պատահելու։ Նրանք բոլորը հիմա մեռած են, և իրավիճակը միայն ավելի է վատթարանալու: Շատ մահեր ու ավերածություններ արդեն եղել են, բայց դեռ ժամանակ կա այս կոտորածին վերջ տալու համար», - ասել է նա:

Թրամփի խոսքով՝ հաջորդ՝ արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան։

«Իրանը պետք է գործարք կնքի, նախքան ոչինչ չմնա, և փրկի այն, ինչը մի ժամանակ հայտնի էր որպես Իրանական կայսրություն։ Այլևս ո՛չ մի մահ, ո՛չ մի ավերածություն, ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԱՓԱԶԱՆՑ ՈՒՇ ՉԷ։ Աստված օրհնի բոլորիդ», - ասել է նա:

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։

The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։

Նմանատիպ նյութեր