Ողբերգական ավտովթար՝ Գյումրիում. բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ»-ը, «Mercedes»-ը, «Opel»-ը, «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. «Կամազ»-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով էլ 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզային քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանն ու նույն վարչության բաժիններից մեկի պետ Արթուր Ֆիշյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:
Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 1-ը գիտակցության չգալով մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Զ-ն է:
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Կամազ»-ը միացված է եղել լուսաձայնային ազդանշանները, հետո իմացան, որ ինչ-որ «պաժառ»-ի տեղ է գնում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։