211652_close_icon

Մտահոգիչ է խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու տեղեկությունը

views-count5881 դիտում article-date 19:44 22-03-2025
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել,  որում ասվում է. «Մտահոգիչ ենք համարում խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու մասին մամուլում առկա տեղեկությունը։

Անկախ այդ տեղեկության բովանդակությունից՝ անկողմնակալ դիտորդի մոտ անխուսափելի է այն կասկածը, որ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ։ Դա հանգեցնելու է խոշտանգումների ու իրավապահ մարմիններում ապօրինությունների նոր դեպքերի, քանի որ դրանց զոհերն ու փաստաբաններն իրենց աչքի առջև ունենալու են բողոքող քաղաքացու պաշտպանին պատժելու օրինակ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանում հաշվառված 28-ամյա տղամարդու վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն էր դիմել մի քաղաքացի, ով հայտնել էր, որ այդ տղամարդը խարդախությամբ իրենից գումարներ է վերցրել։  

Երևանի բնակիչ Ա․ Թ․-ն մասնավորապես հայտնել էր, որ մի տղամարդ, ով ներկայացել է՝ որպես «Ջասթիս» ՍՊԸ-ի տնօրեն և փաստաբան, անցյալ տարվա դեկտեմբերին իրեն փաստաբանական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև դատարանի պետական տուրքը վճարելու համար իր վստահությունը չարաշահելու միջոցով պայմանագիր է կնքել ու իրենից պահանջել 700 հազար դրամի չափով գումար՝ դատարանի պետական տուրքը վճարելու պատրվակով, այնուհետև այդ տղամարդը իրենից խարդախությամբ հափշտակել է 6 հազար դոլարին համարժեք դրամ։

Նույն թվականի դեկտեմբերի վերջին, ըստ Ա․ Թ․-ի, այդ տղամարդը կրկին պահանջել էր ևս 700 հազար դրամ իբրև թե նորից դատարանին պետական տուրք վճարելու համար։ Առաջարկել էր նաև, որպեսզի ինքը Հայաստանում գործող բոլոր բանկերից ներկայացներ համապատասխան տեղեկանքներ, որով կփաստեին, որ ինքը անվճարունակ է ու դրա համար ինքը հարկադրաբար ծախսել է գումար։ 

Ա․ Թ․-ն հայտնել էր նաև, որ 2024 թվականի ընթացքում 2 անգամ նույն տղամարդը իրենից պահանջել էր 6 հազար ԱՄՆ դոլար գումար, պատճառաբանելով, որ դա պետք էր դատարան ներկայացնելու համար, որը սակայն մոտ 20 օր անց վերադարձրել էր, իսկ վերջին անգամ նույն պատրվակով իրենից պահանջել էր մոտ 8 հազար դոլար, որից 4500 դոլարը ինքը որպես փոխառություն ստիպված էր եղել ամսական 10 տոկոս տոկոսադրույքով վերցնել իր ծանոթից։ 

Ըստ դիմումատուի՝ նշված գումարը այդ տղամարդը վերադարձրել էր պայմանավորված ժամկետից 2 ամիս ուշացումով, որի արդյունքում ինքը հարկադրված մոտ 350 հազար դրամ որպես տոկոսադրույք էր վճարել , ինչի հետևանքով կրել էր գույքային վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Թ․-ի հայտնած տղամարդը Ռոման Երիցյանն է, ով փաստաբանական գործունեությամբ է զբաղվում և կան կասկածներ, որ Ռ․ Երիցյանի կողմից այլ տուժած քաղաքացիներ ևս կան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր