211652_close_icon

Ավտովթար՝ Աշտարակում․ «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5200 դիտում article-date 18:22 21-03-2025
Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկ Խ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 35-ամյա Արտյոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվ է գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Արմեն Ալեքսանյանը և պարեկ Տիգրան Գևորգյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ը եղել է կայանված, երբ «Նիվա»-ն դուրս է եկել հանդիպակաց ու բախվել նրան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր