211652_close_icon

« Եկել են, ասում են՝ վտարում ենք շենքից». զոհվածների ընտանիքներին հատկացրած շենքը հանվել է աճուրդի

views-count3526 դիտում article-date 17:18 19-03-2025
Երևանում Մուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը, որի բնակիչները հիմնականում զոհվածների ընտանիքներ են, հանվել է աճուրդի։ Զոհվածների մայրերը, այրիներն այժմ իրենց խնդիրն են բարձրացնում «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակում։

Բնակիչները դատական գործընթացի մեջ են, սակայն պետգույքի կառավարման կոմիտեն, ինչպես պնդում են բնակիչները, հոգեբանական ճնշում է գործադրում. շենքը հոսանքազրկել է։ Բնակիչներն արդեն մեկ շաբաթ է առանց լույսի են մնացել։

Լրագրողների հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ իրենց փոխանցել են՝ նախարարությունն է պահանջել, որ շենքը հոսանքազրկեն. «Մենք դիմել ենք փաստաբանի, դատական նիստերը նշանակված են մայիս-հունիսին։ Առանց դատական նիստի որոշման՝ հոսանքազրկում են։ Ինչպես իրենց ձեռք է տալիս, այդպես էլ վարվում են այս ընտանիքների հետ»,- նշեց նա։

Խաչատրյանի խոսքով, այստեղ  ապրում են զոհվածների այրիներ, մայրեր, հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներ. «Ասում են՝ ինչո՞ւ ես բերել, այստեղ ապրում են, որ հոսանքի խնդիր էլ բարձրացնում ես:

Անձամբ համակարգող խորհուրդը ինքնակամ չի եկել և չի բնակեցրել այս տարածքը։ Մեզ հասցեն տրամադրել է ՊՆ-ն, և ինձ երբ որ հատկացրել է այս տարածքը՝ 78 ՀԿ-ների հետ, նաև հրաման է  արձակել,  որ վարչության պետերը պետք է աջակցեին համակարգող խորհրդին՝ զորքերում տարբեր ծրագրեր իրականացնելուն, նաև մշակութային, սոցիալական»,-ասաց նա:

«Եկել են, ասում են՝ տիկին Մարգարիտա, քեզ վտարում ենք շենքից, ոստիկանություն է գալիս, վտարման հրաման ենք ստացել պետգույքի նախարարությունից, այնտեղից էլ ասեցին, որ հրաման են կատարում»,-ընդգծեց ՀԿ ղեկավարը:

44-օրյա պատերազմում անհետ կորած հրամանատար Գարիկ Գրիգորյանի մայրը՝ Կարինե Ադամյանն ասաց, որ  կառավարությունն ինչ ուզում, այն էլ անում է, ոչ մեկի կարծիքը չի հարցնում։

«Նստել ենք անլույս, անհույս ոչ մի պայման չունենք ապրելու։ Մի կերպ գոյատևում ենք, բայց մարդիկ չեն թողնում դա էլ կարողանանք մի ձև կազմակերպել ու ապրել։ Անելու բան չէ այն, ինչ անում է կառավարությունը մեր հանդեպ։
Մի բան եմ հասկանում, որ մեր կառավարությունն  ընդհանրապես զոհվածի ընտանիքներին չի սիրում։ Ես չգիտեմ ինչու, բայց որ չի սիրում, դրանում ոչ մի կասկածանք չկա։ Թող գային, տեսնեին՝ ինչ պայմաններում ենք ապրում ու այդ պայմաններում անգամ  լույսը կտրում են, որ մարդը չապրի։ Դա ճի՞շտ է։ Բա մենք ընտրել ենք իրենց, ընդունել ենք, որ այսօր ապրենք, լրիվ հակառակը դուրս եկավ։ Մեր դեմ դուրս եկավ։ Մեր երեխաներին տարավ, զոհվեցին, անհետ կորան, իսկ մեր լույսն էլ մեզ վրա են անջատում։ 

Ուղղակի պարոն Փաշինյանը մեզ չի սիրում, զոհվածի ընտանիքներին չի ընդունում, անգամ լսել չի ուզում»։

Նմանատիպ նյութեր