211652_close_icon

Ողջ ընթացքում թշնամին անթաքույց ծաղրեց մեր պառակտվածությունն ու քաղաքական իմպոտենտությունը՝ մատնացույց անելով մեր քաղաքական արգանդից թռած, Արցախը գլխատած ու Հայաստանը ծնկի բերած ազգակործանի գոյությունը. Ռուբեն Հակոբյան

views-count1594 դիտում article-date 15:07 17-03-2025
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գուցե իսկապե՞ս արժանի ենք …

Ողջ այս ընթացքում մենք համառորեն փորձեցինք չտեսնելու տալ մեր իսկ ձեռքերով սեփական աչքերում մխրճած հաստաբուն գերանը, ինչը վաղուց արդեն մամռակալվել է…

Բայց շարունակ թշնամու ու դաշնակցի աչքերում փորձեցինք փնտրել ու հայտնաբերել՝ երբեմն նույնիսկ գոյություն չունեցող այդ նույն գերանից թռած տաշեղներ, որոնք ժամանակի հետ վառվել ու մոխրացել են մեր պատմության քառուղիներում։

Ողջ այս ընթացքում թշնամին անթաքույց ծաղրեց մեր պառակտվածությունն ու քաղաքական իմպոտենտությունը՝ գրոտեսկային ժանրով մատնացույց անելով մեր քաղաքական արգանդից թռած, Արցախը գլխատած ու Հայաստանը ծնկի բերած ազգակործանի գոյությունը…

Բայց, շարունակ մեզ կույր, խուլ ու համր ձեւացրեցնելով՝ դրսի ուժերի գոյությամբ փորձեցինք պայմանավորել ազգակործանի հայտնվելն ու վարչապետի աթոռին մնալու նրա անձեռնմխելիությունը։

Ողջ այս ընքացքում ռուսներին, ամերիկաներին ու եվրոպաներին փորձեցինք բացատրել, որ իրենց իսկ շահերից է բխում մեզ օգնելն ու մեր թիկունքին կանգնելը…

Բայց այդ ,,ապիկարներն,, այդպես էլ չհասկացան, չգնահատեցին ու չընդունեցին մեր բոլորափրկիչ առաջարկությունները։

Թշնամին, օգտվելով Պրահայում 22-ի հոկտեմբերի 6-ի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» վարչապետ կոչվածի ինքնախոստովանական ցուցմունքից, միջազգային ամբիոնները ողողեց հայցադիմումներով, որ Հայաստանը 30 տարի շարունակ օկուպացիայի է ենթարկել ադրբեջանական տարածքի 20 տոկոսը…

Բայց այս ցուցմունքի պատճառով Արցախն էթնոզտելուց ու թշնամուն հանձնելուց բացի, նաեւ գալիք սերունդներին է պարտադրել թշնամուն վճարել ավելի քան 135 մլդ դոլարի փոխհատուցում (военная контрибуция), ինչը երաշխավորում է միջազգային օրենսդրությունը։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո թվաց, թե դրանից ավելի խայտառակ փաստաթուղթ դժվար է պատկերացնել, որ երբեւէ նորից կստորագրվի…

Բայց թշնամու կողմից պարտադրած կապիտուլիացիոն նոր փաստաթուղթը դիվանագիտական լուրջ հաղթանակ ներկայացնելով ըստ էության հայտարարեց՝ քանի դեռ ինքը է նստած վարչապետի աթոռին՝ երբեք մի ասա երբեք։

ՀՀ ԳԽ-ն Անկախության հռչակագրի ոգուն համապատասխան խմբագրեց ՀՀ Օրհներգը՝ «Մեր հայրենիք, ազատ, անկախ, Որ ապրում է դարեդար»…

Բայց գլխավոր քայլարածը ոչնչացրեց Հռչակագիրը եւ վերականգնեց Օրհներգի նախկին՝ «Մեր հայրենիք, թշուառ, անտէր, Մեր թշնամուց ոտնակոխ» տարբերակը։

Եւ, վերջապես՝ ինքներս թշնամուն բերել մտցրել ենք մեր պետության ննջարարան…

Բայց բռունցքներ թափահարելով ու հոխորտալով աշխարհին բողոքում ենք, թե հասեք՝ թշնամին մեր ննջարանում իրեն անբարո է պահում…»

Նմանատիպ նյութեր