211652_close_icon

Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժությանը

views-count2059 դիտում article-date 19:50 10-03-2025
Իսրայելի արտգործնախարարության աղբյուրներին հղում տալով՝ մամուլը գրում է, որ Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի տարեկան զորավարժությանը։

Թուրքիան մասնավորապես խոչընդոտել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Կայունություն և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն» խորագրով տարեկան զորավարժությանը։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի որոշումները սովորաբար կոնսենսուս են պահանջում, և առանց Իսրայելի հետ ակտիվ գործընկերային համաձայնագրի հնարավոր չէ Թուրքիային պարտադրել թույլ տալ Իսրայելի մասնակցությունը դաշինքի պաշտոնական գործունեությանը։

Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։

«Թուրքիայի այս դիրքորոշումը թուլացնում է տարածաշրջանային համագործակցությունը և ՆԱՏՕ-ի՝ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու կարողությունը»,- ասել է անանուն պաշտոնյան։

Ըստ նրա՝ Թուրքիան վետոյի իրավունքը կիրառում է ռազմավարական գործընկերություններին վնաս հասցնելու ձևով։ Իսրայելի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արգելափակումն անհնար է դարձնում կայունության ապահովումը և հակասում է դաշինքի հիմնարար արժեքներին։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Գազայի պատերազմից ի վեր Թուրքիան մշտապես խոչընդոտել է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությանը և պնդել, որ դաշինքը չպետք է համագործակցի Իսրայելի հետ, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է։

Նախկինում Անկարան փորձել էր անգամ կանխել Իսրայելի՝ ՆԱՏՕ-ում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու փորձերը։

Նմանատիպ նյութեր