211652_close_icon
views-count7120 դիտում article-date 15:22 23-02-2025

Սնանկության դատարանի վճռով սնանկ ճանաչված «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի կառավարիչը պնդում է, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող՝ իրենց պատկանող թվով 1638 ապրանքատեսակ անհետացել է, որի ընդհանուր արժեքը մոտ 500 մլն դրամ է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանը հայտնել, որ ՀՀ սնանկության դատարանի վճռով 2024թ. մարտի 13-ին «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Սնանկության գործի շրջանակներում 2024թ. նոյեմբերի 1-ին «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում կատարվել է «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ին պատկանող գույքի գույքագրում, որի ժամանակ գույքագրվել է 87 անվանում ունեցող գույք, որի արժեքը կազմել է 110 մլն 337 հազար 50 դրամ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի գույքը փաստացի 2023թ. հունվարի 30-ի դրությամբ 1725 անվանացուցակով գտնվել է Բաբաջանյան 42/5 հասցեում՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում և փաստացի գույքագրման ժամանակ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքից անհետացել կամ ոչնչացվել է 1638 ապրանքատեսակ, որի ընդհանուր արժեքը կազմել է 479 մլն 911 հազար 611 դրամ:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 256 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր