211652_close_icon
views-count6214 դիտում article-date 11:03 23-02-2025

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 34-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, լինելով ոչ սթափ, «Opel Combo»-ով՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավորներից 1-ը Վաղարշապատից տեղափոխվել է Երևան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մադո Վարդանյանը իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սերգո Համբոյանը և կրտսեր պարեկ Սերյոժա Դոխոյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Opel Combo»-ի վարորդ Մ․ Վարդանյանը, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում և ավտոմեքենայի անվադողերը եղել են ամառային։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր