211652_close_icon
views-count50633 դիտում article-date 10:34 25-01-2025

Նոր Խարբերդի տներից մեկում իր ծննդյան օրը հայտնաբերված տղամարդու մահվան փաստով շնորհիվ ոստիկանների ու քննիչների օպերատիվ աշխատանքի կան կասկածյալներ, որոնք հայտնաբերվել են, ինչպես նաև գտնվել է մահացածի հեռախոսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են ոչ միայն Երևանի Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում կատարված սպանությունը, այլ նաև համագործակցելով Շիրակի մարզային քրեական ոստիկանության հետ հայտնաբերել են կասկածյալներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կատարած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ․-ն իր ընկեր, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Քյարամ Ս․-ի հետ գտնվել է Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի նշված տանը, որտեղ սնվել են, օգտագործելով ոգելիչ խմիչք ևս, ինչի ժամանակ Յուրիկ Շ․-ի և Արտաշես Մ․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Յուրիկ Շ․-ն ձեռքերով և ոտքերով, այնուհետև տանը եղած տարբեր առարկաներով, այդ թվում՝ աթոռով, բազմաթիվ հարվածներ է հասցրել Արտաշես Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է Արտաշես Մ․-ի մահվան պատճառ։ Այդ ամենից հետո Յուրիկ Շ․-ն և Քյարամ Ս․-ն հափշտակել են ծեծվածի բջջային հեռախոսը, դուրս եկել տանից և տաքսիով հեռացել։

Այնուհետև հասնելով «Սասունցի Դավիթ» կայարան, գետնանցումում գողացված հեռախոսը վաճառել են Հարություն Կ․-ին, ով գետնանցումի տակ զբաղվում է բջջային հեռախոսների առք ու վաճառքով և վերանորոգմամբ։
 
Ոստիկանները անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում հայտնաբերում են Քյարամ Ս․-ին, ով կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը, իսկ Յուրիկ Շ․-ին ոստիկանները հայտնաբերում են Գյումրի քաղաքում՝ իր 40-ամյա ընկերոջ բնակարանում։ Թե Յուրիկ Շ․-ն, թե՛ նրա ընկեր 40-ամյա Արտյոմ Մ․-ն սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Նշված անձինք այնուհետև ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի ձերբակալվածների պահման վայր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 23-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: 
 
Նշված փողոցի թիվ 13 տուն էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանը և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
  
Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները նշված տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը վնասվածքի հետքերով հայտնաբերել էին Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ.-ի դին: 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Է. Պողոսյանը: 
 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալի և ավագ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ մահացածի ծննդյան օրն է եղել, իսկ նշված տանը նա ապրում էր վարձակալական հիմունքներով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 243+
243+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր