211652_close_icon
views-count652 դիտում article-date 11:33 22-01-2025

«Մենք կանք» նախաձեռնությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող շինծու դատական պրոցեսը գերիների, պահվող անձանց ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ

Անցած շաբաթ Բաքվի դատական նիստերի դահլիճից հեռարձակվող կադրերն, ասես, վերաթարմացրին հասարակության հիշողությունը և գերիների, պահվող անձանց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառության թեմայի շուրջ բուռն դիսկուրս ծավալելու առիթ տվեցին։ Մինչդեռ տարիուկես հայ գերիները հալածվում են ադրբեջանական «արդարադատության» կողմից։ Ակնհայտ է, որ տասնյակ հոդվածներ, որոնք «կարվել» են նրանց վրա, իրականում պատիժ են՝ արցախահայության ինքնորոշման իրավունքն իրացնելու համար։

Եվ ընդհանրապես, ամբողջ գործընթացը սեփական հանցանքները պարտակելու և  ցեղասպան գործողությունները քողարկելու Ադրբեջանի անփառունակ փորձերն են։ Կեղծ մեղադրանքներն ու շինծու գործընթացը շարունակվելու են ցուցադրվել ու ճնշման միջոց հանդիսանալ այնքան ժամանակ, քանի դեռ  ՀՀ իշխանությունները մնում են անհաղորդ Ադրբեջանի ապօրինությունների հանդեպ։

Միջազգային պրակտիկայում առայսօր էլ հայտնի օրինակներով՝ կողմերի միջև ցանկացած երկխոսություն սկսվում է գերիների ազատման խնդրով և շարունակություն ունենում հարցը լուծվելուց հետո։ Մեր պարագայում փաստը, կարծես, չի էլ արժևորվում։ Եվ զարմանալի չէ, երբ մասնավոր նախաձեռնություններին միջազգային կառույցները տարակուսանքով են արձագանքում՝ ակնարկելով Հայաստանի պետական մարմինների իներտությունը։

 «Մենք կանք» քաղաղացիական նախաձեռնությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող շինծու դատական պրոցեսը գերիների, պահվող անձանց ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ, որն իրականում հոգեբանական ահաբեկչություն է ՀՀ նկատմամբ՝ ուղղված նաև լրացուցիչ ճնշումներ գործադրելուն, հայ ժողովրդին նսեմացնելուն։

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում գերիների ազատ արձակմանն ուղղված պայքարի բոլոր արտահայտումներին և պահանջում՝

—ՀՀ իշխանություններից՝ անել հնարավորն ու անհնարինը գերեվարված մեր հայրենակիցների համար և օր առաջ նրանց փրկել Բաքվի դժոխային զնդաններից։
—ԵԱՀԿ առավելապես՝ ՄԽ անդամ երկրներից՝ հարգել տարիների ձեր իսկ աշատանքը բանակցային ողջ գործընթացում, որը միտված էր արցախյան հիմնախնդիրը կարգավորելուն, ինչպես նաև, մարդու անհատական ու հավաքական իրավունքների համատեքստում, ձայն բարձրացնել Ադրբեջանի ցցուն անօրինականությունների վերաբերյալ։

«Մենք կանք» նախաձեռնություն

Նմանատիպ նյութեր