211652_close_icon
views-count1177 դիտում article-date 23:44 15-11-2024

ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի օրակարգում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների վերջին շրջանի գործունեության ամփոփագիր (սեպտեմբերի 1 – նոյեմբերի 15, 2024 թ․)

2024թ․ սեպտեմբերի սկզբից մինչև նոյեմբերի երկրորդ տասնօրյակ՝ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, գերիների ազատ արձակման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության, Հայաստանում արցախահայության սոցիալ-տնտեսական օժանդակության, ադրբեջանական էթնիկ զտման քաղաքակա¬նության որպես այդպիսին բնորոշման ուղղությամբ։ Քաղաքական այս առաջնահերթու¬թյունների ուղղությամբ աշխատանքները տարվել են COP29-ին ընդառաջ, ինչն առիթ է հանդիսացել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման որոշակի առարկայացման համար։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդ և գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը թարմացրել եւ երկլեզվով (հայերեն, անգլերեն) հրատարակել է «Վերադարձի իրավունքը. Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հենքը. Վերջին շրջանում արցախցիների վերադարձի իրավունքի մասին եղած դիրքորոշումները» ուսումնասիրությունը։

Հայ դատի Ֆրանսիայի, Եվրոպայի և Միացյալ Թագավորության հանձնախմբերը աջակցել են «Մարդու իրավունքների շրջագայություն» (Հ. Գրգոնեան, Ա. Թաթոյան, Ա. Բեգլարյան) ծրագրի ընթացքում Փարիզում, Լոնդոնում և Ստրասբուրգում քաղաքական շրջանակների հետ կայացած հանդիպումների կազմակերպմանն ու մասնակցել այդ հանդիպումներին։
«Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» (ALC) հովանավորությամբ՝ Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» կողմից պատրաստվել, հրապարակվել և տարածվել է (անգլերեն) «Արցախ/Լեռնային Ղարաբաղ — Էթնիկ զտումների ուսումնասիրություն» (Artsakh/ Nagorno Karabakh: A Case Study in Ethnic Cleansing) ուսումնասիրությունը։

«Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնն» ու Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ինչպես նաև Հայ օգնության միությունը) մի շարք հայկական և ոչ-հայկական իրավապաշտպան կազմակերպությունների հետ ստորագրել են Արցախի էթնիկ զտումների և Բաքվում հայ գերիների վերաբերյալ դիմումը՝ ուղղված Շվեյցարիայի կառավարությանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Անցնող ամիսների ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքները պայմանավորված էին նախագահական և Կոնգրեսի մրցապայ¬քարների արդյունքում ստեղծված քաղաքական մթնոլորտով։ Հայ դատի հանձնախումբը չի հայտնել նախագահական որևէ թեկնածուին իր սատարումը՝ երկու կողմերին էլ այս կամ այն կերպ մեղադրելով Արցախում ստեղծված իրավիճակի համար։ Մինչդեռ, Հայ դատի հանձնախխմնբի սատարումը վայելող և Կոնգրեսի երկու պալատների համար պայքարող թեկնածուների 90%-ը հաղթել է ընտրություններում։ Այդ թեկնածուները ցանկը ընտրություններից առաջ ներկայացվել էր ամերիկահայ համայնքին, որպես կողմնորոշիչ օժանդակություն։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի քաղաքական հմուտ և գրագետ պլանավորման արդյունքում ոչ միայն չիջեցվեցին հանձնախմբի քաղաքական նշաձողերը և հայ համայնքը չհայտնվեց որևէ ճամբարից քաղաքական թիրախավորման տակ, այլև մի շարք առիթներով ղարաբաղյան հիմնախնդիրը բարձրացավ նախընտրական դիսկուրսի ամենաբարձր մակարդակներ, երբ նախ փոխնախագահ Հարիսն անդրադարձավ արցախահայության վերադարձի իրավունքին, ապա ընտրված նախագահ Թրամփը խոսեց Արցախի խնդրի, էթնիկ զտումների մասին, որից հետո հեռախոսազրույց ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։

Սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային» խորագրով լսումների ընթացքում` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիան։

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը՝ համանախագահներ Քրիս Սմիթի և Ջեյմս ՄաքԳովերի համանախագահությամբ, սեպտեմբերի 19-ին անցկացրել է լսում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որին մասնակցել է նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Քննարկվող հարցերի թվում են եղել ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը և արցախահայության վերադարձի իրավունքը։

Սեպտեմբերի կեսերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումն ուներ Սենատի առաջիկա ընտրություններին ընդառաջ, ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում` Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպմամբ սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է միջոցառում՝ ամերիկյան օրենսդիրների, հայ համայնքի ներկայացուցիչների, կոալիցիոն գործընկերների և Արցախի ցեղասպանությունը վերապրածների մասնակցությամբ։ Դրան նախորդել էր ԱՄՆ Կոնգրեսում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի երկօրյա իրազեկման արշավը Հայ դատի շուրջ 75 ներկայացուցիչների ներգրավմամբ՝ ԱՄՆ ամբողջ տարածքից։ Կարևորվել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն և միջազգային պաշտպանության ներքո հայերի անվտանգ վերադարձին ուղղված անհրաժեշտ գործողությունների հրատապությունը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից COP29-ին ընդառաջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի և սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով COP29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդա¬ռության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։

Կանադա
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, ինչին նախորդել էր Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական ակտիվ հաղորդակցությունը նախարար Ջոլիի հետ։ Ի թիվս այնի՝ նախարարը նկատել էր, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

Հայ դատի Կանադայի հանձնախումբը աշխատանքներ է տարել նաև երկրի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների հետ, ինչի արդյունքում ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու COP29-ին, իսկ ընդդիմադիր Կանաչների կուսակցությունը նաև մամուլի ասուլիս է տվել այդ կապակցությամբ։ Կանադական ԶԼՄ-ները անդրադարձել են այս կեցվածքներին։

Եվրոպա
Սեպտեմբերի 6-ին գումարվեց «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի (Europeans for Artsakh) առցանց հանդիպումն Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Հոլանդիայի, Հունաստանի, Չեխիայի, Բելգիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների մասնակցությամբ: Օրակարգի առանցքային կետը Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ ի նպաստ արցախահայության տարված քարոզչական և քաղաքական աշխատանքների քննարկումն էր: ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից COP29-ի ուղղությամբ կատարված և առաջիկա աշխատանքները ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:

Համագործակցաբար Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես, Գերմանիայի «Մունք» նախաձեռնության և Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի հետ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 13-ին, Բրյուսելի հայկական եկեղեցում, կազմակերպել է «Հիշատակի և հույսի երեկո»։ Միջոցառման ժամանակ հիշատակվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնիկ ժողովրդի ամբողջական էթնիկ զտումների առաջին տարելիցը։

Եվրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, հոկտեմբերի 22-ին քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների վիճակը, ինչպես նաև հարաբերությունները Հայաստանի հետ։ Ելույթ են ունեցել շուրջ 30 պատգամավորներ, ովքեր իրենց ելույթներում անդրադարձել են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքակա¬նությանը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից, ի թիվս այլնի, կարևորվել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, արցախցիների՝ արժանապատիվ ու ապահով վերադարձի իրավունքի իրացումը և այլն։

Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր լիագումար նիստում ընդունել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը՝ 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Այս քվեարկությանը երկու օր առաջ նախորդել էր այդ թեմայով խորհրդարանական քննարկում։

Բանաձևի նախաբանում Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP29-ի անցկացման հետ, ապա ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ անում ձեռնարկել հնարավոր քայլեր, որպեսզի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության խորհրդաժո¬ղովները հետագայում չանցկացվեն մարդու իրավունքների պաշտպանության գործում վատ ցուցանիշներ ունեցող երկրներում։

Եվրոպական խորհրդարանն արձանագրում է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրավունքի կոպիտ խախտումները՝ այդ թվում Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումները, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու՝ «խավիարային դիվանագիտության» արատավոր մեխանիզմները, 2023թ․ Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը, միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված հարձակումը, էթնիկ զտումները, 23 հայերի՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան: Խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը.

Արդեն բանաձևի բուն տեքստում խորհրդարանը, COP29-ին ընդառաջ, խստորեն դատապարտում է Ալիևի ռեժիմին, գործադիր իշխանությանը կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ հուշագիրը։ Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, այդ թվում հիբրիդային հարձակումները, ողջունում է որոշ անդամ պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող պաշտպանական ռազմական օժանդակությունը։

Հատկապես պետք է ընդգծել Արցախի վերադարձի իրավունքի իրացման հարցում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային ու հետևողական դիրքորոշումը։ Այս բանաձևում ևս, հղում անելով Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը, Խորհրդարանը պահանջում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, արցախահայության հետ անկեղծ ու թափանցիկ երկխոսության մեկնարկ՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության համար երաշխիքների տրամադրման շուրջ։

Խորհրդարանը պահանջում է հեռու մնալ սադրիչ հռետորաբանությունից և հայության հանդեպ խտրականության դրսևորումներից։

Խորհրդարանը նաև պահանջում է Արցախի դեմ կատարված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննություն, ինչպես նաև Արցախի գրավումից հետո ձերբակալված անձանց ազատ արձակում։

Հատուկ անդրադարձ կա Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչի համատեքստում պահանջվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան առաքելության մուտքը տարածաշրջան։

Վերջին շրջանում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում ծավալուն աշխատանքներ է իրականացրել, որոնք COP29-ին ընդառաջ, միտված էին բարձրացնելու նրանց իրազեկվածությունը Ադրբեջանում մարդու իրավունքների և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Կատարված աշխատանքների արդյունքում Եվրոպական խորհրդարանի թվով 52 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխավորել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից։ Հայտարարությունը ստորագրած պատգամավորները ներկայացնում են Եվրոպական խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը, կան նաև անկախ պատգամավորներ։

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 5-ին, Եվրոպական խորհրդարանում, անցկացվել է «COP29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամավորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակու¬թյան ներկայացուցիչներ, լրագրողներ և բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի բացման խոսքով հանդես եկան խորհրդաժողովը հյուրընկալող Լուկաս Ֆուրլասը, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ և Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Որպես խորհրդաժողովի բանախոսներ հրավիրված էին «Հանուն մարդու իրավունքների միջազգային համագործակցություն կազմակերպության» Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշվիլին, Միջազգային իրավունքի մասնագետ Կատալինա Դե Լա Սոտան, արցախցի լրագրող Սիրանույշ Սարգսյանը և Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի որդին:

Խորհրդաժողովի նպատակն էր կենտրոնանալ Ադրբեջանում COP29-ի անցկաց¬մանն առնչվող տարբեր խնդիրների վրա, մասնավորապես, թե այս գլոբալ համաժողովի նպատակների համար ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա հյուրընկալումը Բաքվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, հատկապես Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների ետնապատկերում։

Խորհրդաժողովը լույս է սփռել Արցախի հայության բռնի տեղահանումը պարտակելուն միտված Ադրբեջանի կառավարության շարունակական արշավի վրա, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների և շրջակա միջավայրի հանդեպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքի վրա։ Ընդհանուր առմամբ քննարկումները ծավալվել են քաղաքական, բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտներում Ադրբեջանի ապակառու¬ցողական դիրքորոշումների վերհանման շրջանակում:

Ի պատասխան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Բաքու այցելության և ավելի վաղ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական հայտարարությունների՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Միշելին հղված բաց նամակով, հիասթափություն է հայտնել վերջինիս գոծողությունների համար և հիշեցրել Եվրոպական խորհրդարանի կողմից հոկտեմբերի 24-ին ընդունված՝ Ադրբեջանին դատապարտող բանաձևը։ Գասպար Կարապետյանը հավելել է, որ Միշելի գործողությունները վնասում են Եվրոպական միության հեղինակությանը։

Ավստրալիա
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքներով պայմանավորված՝ ավստրալիահայությանը հետաքրքրող հարցերը COP29-ի ընդառաջ դարձել են Ավստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման առարկա։

Նախ սեպտեմբերի սկզբին COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը պաշտոնապես քննադատվել է Ավստրալիայի Կանաչների կուսակցության կողմից, ապա սեպտեմբերի 25-ին, տեղահանության առաջին տարելիցի կապակցությամբ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը միաձայն ընդունել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն ու հայության բռի արտաքսումը դատապարտող բանաձև։

Նոր Հարավային Ուելսի խորհրարանական քննարկումների ժամանակ, արդեն սեպ¬տեմբերի 26-ին, ավստրալիական կառավարությանը կոչ է արվել բոյկոտել COP29-ը։

Հարավային Ամերիկա
Հայ դատի Արգենտինայի հանձնախմբի աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին Բուենոս Այրեսի պատգամավորների պալատը երկու բանաձև է ընդունել՝ առաջինով դատապարտելով Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան, երկրորդով՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և դատապարտելով թուրքական ժխտողականությունը։ Առաջին բանաձևի հիմնավորման մեջ հանգամանորեն շարադրված է Արցախի հանդեպ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ողջ էությունն ու այն վտանգները, որոնք Հայաստանի Հանրապետության նկատմամբ առկա են, այդ թվում վերջինիս տարածքների օկուպացիան։

Լիբանան և Սիրիա
Սեպտեմբերի սկզբին ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Լիբանանում հավատարմագրված քառասունից ավել դեսպանատներին և լիբանանյան լրատվամիջոցներին ուղարկել է Բաքվում COP29-ի անցկացման վերաբերյալ հաղորդագրություն՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականությունն ու այդ պետության էության անհամապատասխանությունը նման հեղինակավոր միջոցառման հյուրընկալմանը։

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը, Կանադայի արտգործնախարար Մ․ Ջոլիի հայտարարությունից հետո, նամակ է հղել նաև Լիբանանում Կանադայի դեսպանին՝ ողջունելով նախարարի սկզբունքային դիրքորոշումը՝ վստահություն հայտնելով, որ այդ դիրքորոշումը կարտացոլվի COP 29-ի ընթացքում Կանադայի պատվիրակության պաշտոնական կեցվածքում։

COP 29- հարցով նամակ է ուղարկվել նաև Լիբանանի բնապահպանության նախարարությանը։

Արդեն նոյեմբերի 15-ին լիբանանյան լրատվամիջոցներին տարածված հաղորդագրությամբ Հայ դատի հանձնախումբը ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որբ վերջինիս կողմից մերժվեցին Բաքվի կողմից ներկայացված բոլոր նախնական առարկությունները։

Հայ դատի Սիրիայի հանձնախումբն արաբերեն լեզվով պատրաստել է COP29-ի հետ կապված հանձնախմբի տեսակետներն ու ակնկալիքները ներկայացնող կարճ տեսաֆիլմ և այն տարածել սիրիական լրատվադաշտում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
15 նոյեմբեր 2024թ․

Նմանատիպ նյութեր