211652_close_icon
views-count607 դիտում article-date 15:31 08-11-2024

Ժողովրդագրության ռազամավարության նպատակներից մեկը արժանապատիվ ծերության պայմանների ապահովումն է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

 Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ընդգծելով տարեցներին վերաբերող մշակվող քաղաքականության և ակտիվ ծերացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը, նշել է, որ արդեն իսկ ընդունված ժողովրդագրության ռազամավարության նպատակներից մեկն էլ ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովումն է՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ ու իրենց ներուժի կիրառմամբ։ Վերջինիս խոսքով՝ ժողովրդագրության ռազմավարության գործողությունների իրականացման աշխատանքների հիմքում սերունդների համերաշխության, առողջ ապրելակերպի, ավելի երիտասարդ սերնդին աջակցելու գործում տարեցների ներուժի օգտագործումն է։

 Նախարարության հավասար հնարավորությունների վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Հայկ Հարությունյանը նիստի անդամներին ներկայացրել է Արևելյան և Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի և Արևելյան Եվրոպայի փորձի հիման վրա կատարված ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի տրամադրման կարգի, պայմանների և չափորոշիչների համեմատական ուսումնասիրության արդյունքները։ Նա խոսել է նաև նշված երկրներում ժողովրդագրական պատկերի, ցերեկային, շուրջօրյա և տնային խնամքի տրամադրման, համայնքային փոքր տների, սոցիալական հոգածության կենտրոնների պայմանների առանձնահատկություններից․ ներկայացվել են նաև գործող և նոր ծառայությունների տեսակները, տրամադրման չափորոշիչներն ու ձևերը։

 Հարց ու պատասխան ձևաչափով նիստի անդամները ներկայացված ուսումնասիրության և ոլորտային առանցքային հարցերի շուրջ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Նմանատիպ նյութեր