211652_close_icon
views-count60007 դիտում article-date 21:00 20-10-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանը և ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգոր Քոչարյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները սովորում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 116 դպրոցում և «Temsa» մակնիշի ավտոբուսով երեխաները ուսուցիչների և մի քանի ծնողների հետ Նորավաանքից վերադառնում էին Երևան ու Արարատի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոբուսի դուռը բացվել է և 3 հոգին հայտնվել են դրսում։

Զանգահարել են «Արարատ» բժշկական կենտրոն և «Արարատ» բժշկական կենտրոնից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց։ Ավտոբուսը նույնպես մեկնել է հիվանդանոց։

Վիրավորներն «Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել ու նրանց տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը 36-տեղանոց է, իսկ այդ պահին ավտոբուսում եղել է 32 ուղևոր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր