211652_close_icon
views-count1027 դիտում article-date 15:15 17-10-2024

Ավտոմոբիլային տրանսպորտ Ակադեմիական քաղաքի ներսում շահագործել ընդհանրապես նախատեսված չէ. Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին հարցին:

Լուրերի փոխանցմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Ներկայացված նախագիծը Ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունության նախագծի մշակման մասին է, և այս նախագծով առաջարկում ենք այդ ծառայությունները ձեռք բերել իտալական «Սիստեմատիկա» ընկերությունից, որը ոլորտում հայտնի կազմակերպություն է և բազմաթիվ նման բարդ իրավիճակներում ճիշտ լուծումներ է գտել, և այս իմաստով ունի բավական հայտնի և հեղինակավոր մոտեցում»:

Նախարարը նշեց, որ առաջադրանքի շրջանակներում նախատեսվում է ունենալ մի քանի հիմնարար արդյունք, որոնք էապես կօգնեն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը: «Նախագծի նախնական վերլուծության փուլում պարզ դարձավ, որ նմանատիպ կամպուսների՝ ակադեմիական քաղաքների հաջողության հիմնական պայմանը տրանսպորտային կապվածությունն է և շարժունության հնարավորություններն են, և կախված նրանից, թե ինչ հաջողությամբ է այդ խնդիրը լուծված, էապես հաջողվում է նաև նման նախագիծը: Հետևաբար Ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունության պլանը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն, և այս նախագծի շրջանակներում մենք արդյունքում ակնկալում ենք ստանալ տրանսպորտի և շարժունության մաստեր պլանը, որը կընդգրկի բոլոր այն գործողությունները, որոնք ներառելու են բոլոր հնարավոր տրանսպորտային ձևերի և ձևաչափերի վերլուծությունը և այդ իմաստով՝ նաև ծրագրի ռազմավարությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

«Ծրագրի առանձին արդյունք է լինելու հոսքերի վերլուծությունը, որտեղ բոլոր տվյալներն են հավաքվելու, և իրականացվելու է անհրաժեշտ շտեմարանների ստեղծում:

Հաջորդը, որ պլանավորում ենք, հոսքերի ուսումնասիրության արդյունքում դրանց վերլուծությունն ու մոդելավորումներն են: Պլանավորվում է, որ առնվազն 4 տարբեր մոդելներ կմշակվեն և հնարավորության կտան ճիշտ պլանավորել աշխատանքը, որ այս փուլում ենք անում, և որն ունենալու ենք վերջում, երբ որ Ակադեմիական քաղաքն ամբողջությամբ կգործի:

Առանձին արդյունք է ծրագրով նախատեսված ճանապարհների դիզայնը կամ նախագիծը: Շատ կարևոր է, որ այս առաջադրանքի շրջանակներում իրականացվելու է նաև երկաթուղու նախնական տեխնիկատնտեսական վերլուծություն, որը թույլ է տալու անհրաժեշտ եզրակացություններ անել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով:

Ծրագրի իրականացման ժամանակահատվածը պլանավորված է ութ ամիս: Ութ ամսվա ընթացքում նախատեսում ենք, որ կունենանք «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ևս մեկ կարևոր բաղադրիչ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

«Մենք Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանի ստեղծման աշխատանքներն ավարտել ենք, և շատ ծավալուն փաստաթուղթ է ստացվել, և մենք քայլ-քայլ, փուլ-փուլ, ըստ էության, Ակադեմիական քաղաքի ծրագրի իրագործման շրջափուլ ենք մտնում կամաց-կամաց»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ կա՛մ ընդհանրապես չի լինելու, կա՛մ շատ սահմանափակված է լինելու, այսինքն՝ ավտոմոբիլային տրանսպորտ Ակադեմիական քաղաքի ներսում շահագործել ընդհանրապես նախատեսված չէ, և ավտոմեքենաներ տարածք մուտք կգործեն միայն մատակարարումներ իրականացնելու համար: Այդ մեքենաները հստակ ժամային սահմանափակումներով կգործեն: Տրանսպորտային հարցը սրանով լուծված չէ, որովհետև շատ կարևոր է, որ մենք ունենանք հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով և ինչ երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաք կամ շրջանցիկ ճանապարհ:

Մենք խնդիր ունենք, որ հանրապետության ցանկացած վայրից հնարավորություն ունենան մարդիկ՝ 1. իրենց ավտոմեքենաներով գալ, հասնել Ակադեմիական քաղաքի եզրին հնարավորինս սահուն, 2. մենք ուզում ենք հիմնական տրանսպորտային ուղևորափոխադրող միջոց դարձնենք երկաթուղին և երկաթգծի կայարանը, և հիմա արդեն գիտեք, որ մենք փորձ ենք արել, և այսօրվա ենթակառուցվածքներով Սասունցի Դավիթ կայարանից մինչև Ակադեմիական քաղաքի տարածք 25 րոպե է տևել այսօրվա դանդաղ ընթացքով, ինչը նշանակում է, որ համապատասխան զարգացումների և շարժակազմերի և ռելսերի բարելավման արդյունքում այդ ճանապարհն էականորեն կարող է կրճատվել:

Հաջորդ խնդիրը, որ էլի գործնականում պետք է լուծենք, օդանավակայաններից Ակադեմիական քաղաք հասնելու սխեմաներն են. խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի մասին է, խոսքը Գյումրու օդանավականի մասին է:
Զուտ հայեցակարգային պատկերացում կա, որ մենք հետագայում պետք է մտածենք «Մետրոյի Աջափնյակ» կայարանը շարունակել և ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառը և, իհարկե, նաև հետագայում այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին, և, ըստ էության, կստացվի՝ այս պարագայում Երևանում կունենանք մետրոյի շրջանաձև երևեկություն, և մեզ հայտնի «վերջին կանգառ» հասկացությունը կարող է վերանալ»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ գերմանական «ՋիԷմՓի» ընկերության հետ աշխատանքը արդարացվել է. «Մենք այսօր ունենք մի արդյունք, շատ չի մեզ հետ այդպիսի բան պատահում, սա այն քիչ դեպքերից է, որ մենք ունենք արդյունք, որից անձամբ ես շատ գոհ եմ, որովհետև նախագծում մեր գերմանացի գործընկերների հետ աշխատանքում «Ակադեմիական քաղաք» նախագիծը դարձել է շատ կոնկրետ տեսանելի և նույնիսկ շոշափելի մի իրողություն և իրականություն: Առաջիկայում մենք, կարծում եմ, կքննարկենք արդեն իրագործման փուլերը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր