211652_close_icon
views-count1186 դիտում article-date 21:04 02-10-2024

Արման Դիլանյանն ընդունել է ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԵԱՏՄ դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանը և Արաիկ Թունյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը շնորհավորել է գործընկերներին ԵԱՏՄ դատարանի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ։

ՀՀ Բարձր դատարանի նախագահը նշել է, որ ԵԱՏՄ դատական մարմինն այս ընթացքում բավական բարդ ճանապարհ է անցել և արդեն իսկ ապացուցել իր կենսունակությունը՝ իրեն վերապահվող իրավասության շրջանակներում առանցքային դեր ստանձնելով ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության իրավունքի միատեսակ կիրառումն ապահովելու, ինչպես նաև՝ կողմերի փոխշահավետ համագործակցության, իրավահավասարության, շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքների պահպանման գործում։

ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենց նպատակն է իրավական ամուր հենք ապահովել անդամ պետությունների տնտեսությունների կայուն և բազմակողմանի արդիականացման, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման համար՝ ի նպաստ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակումը։ Քննարկվել է այդ նպատակով երկկողմ և բազմակողմ հարթակների ստեղծման հնարավորությունը՝ ինչպես առկա, այնպես էլ՝ հեռակա ձևաչափերով։ Կողմերն ընդգծել են, որ մասնագիտական և ակադեմիական շրջանակների պրոֆեսիոնալների համագործակցությունը մեծապես կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում և՛ Միության դատարանի, և՛ ազգային դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Նմանատիպ նյութեր