211652_close_icon
views-count913 դիտում article-date 18:50 27-09-2024

Քննարկվել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է 2021-2025թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի դիտարկելու ՀՀ կրթության` մինչև 2030 թ. պետական զարգացման ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի ամփոփիչ գնահատման արդյունքների ներկայացման ձևաչափը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կայուն զարգացման 2021-2025 թվականների գնահատման շրջանակում կարևորել է ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների, այդ թվում՝ առաջնահերթաբար ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Պարենի համաշխարհային կազմակերպության (WFP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) հետ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ինչպես նաև ռեզիդենտ-համակարգողի գրասենյակի հետ համագործակցությունը ինչպես զարգացման ծրագրերի, այնպես էլ ճգնաժամերի արձագանքման առումներով։ Որպես առաջին բլոկի օրինակ՝ Ա․ Մարտիրոսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությունը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման և իրականացման համատեքստում՝ նշելով, որ այդ ռազմավարությունն անկյունաքարային է ոլորտի զարգացման ուղենշման համար, և որ Հայաստանի կառավարությունը կրթության ոլորտը դիտարկում է՝ որպես կայուն զարգացման ու ներառական աճի ապահովման հիմնական գործոն: Ճգնաժամերի արձագանքման առումով նախարարի տեղակալը ներկայացրել է համագործակցության այն հաջող փորձը, որն առկա է քովիդի համավարակի և ԼՂ-ից բռնի տեղահանվածների տարբեր, այդ թվում՝ կրթական կարիքների հասցեագրման առումով պետական ջանքերին զարգացման գործընկերների աջակցության համակարգման մասով։

Կարևորվել է նաև 2021-2025 թթ․-ի Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակում (UN Sustainable Development Cooperation Framework) ՀՀ փոխվարչապետի և ՄԱԿ ռեզիդենտ-համակարգողի գրասենյակների համակարգմամբ իրականացվող համագործակցությունը, որն աշխատում է պարբերական սկզբունքներով գումարվող ենթախմբերի աշխատանքներով, որոնց ակտիվ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նմանատիպ նյութեր