211652_close_icon
views-count1020 դիտում article-date 13:20 05-12-2019

Քննարկվել են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման և Հայաստանի ու Ղրղզստանի կամավոր Ազգային զեկույցների պատրաստման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավթանդիլ Ալիբաևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ղրղզստանի ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահը, երկրի նախագահի գրասենյակի, կառավարության աշխատակազմի և Ղրղզստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները։ Ղրղզստանի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված և դեկտեմբերի 2-ից 5-ն ընթացող աշխատաժողովին, որը նվիրված է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և կամավոր Ազգային զեկույց ներկայացնելու գործընթացին և նախատեսված է Հայաստանի ու Ղրղզստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների համար։ Ավթանդիլ Ալիբաևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ պատվիրակությունը ցանկանում է ծանոթանալ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման և կամավոր Ազգային զեկույցի պատրաստման գործընթացում Հայաստանի փորձին և ներկայացնել իրենցը։ Ղրղզստանի էկոնոմիկայի փոխնախարարը հույս է հայտնել, որ հանդիպումը երկուստեք օգտակար և արդյունավետ կլինի։ Ավագ Ավանեսյանը հյուրերին ծանոթացրել է նշված ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, գործընթացի համակարգման կառուցվածքին, էկոնոմիկայի նախարարության գործողություններին։ Այնուհետև նա պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են գերակայությունների ընտրությանը, մոնիտորինգի իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, գործարար համայնքի և հասարակության տարբեր շերտերի հետ փոխգործակցությանը։ Կողմերը մտքեր են փոխանակել աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ և պայմանավորվել շարունակել փոխգործակցությունը՝ տեղեկատվություն փոխանակելով գործընթացի մասին և կիսվելով հաջողված փորձով։

Նմանատիպ նյութեր