211652_close_icon
views-count25234 դիտում article-date 12:26 19-09-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա վիրավոր. «Lexus»-ը վերծվել է մետաղե ջարդոնի. օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Արագածոտնի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Սպանդար Ղ.-ի վարած «Lexus» մակնիշի և 62-ամյա Համբարձում Միխայելյանի վարած «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են պարեկները:  

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:  

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շիրակ Հարությունյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «KamAZ»-ի վարորդը, ով երկրորդական ճանապարհից դուրս է եկել գլխավոր ճանապարհ, չի զիջել և վթարային իրավիճակ է ստեղծել «Lexus»-ի վարորդի համար, ով դեպի Աշտարակ ընթանալիս է եղել գլխավոր ճանապարհով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, սակայն դեպքի վայրում բեռնատարի վարորդն ասում էր, որ ինքն արդեն հատել էր գլխավոր ճանապարհի ահագին հատված և վթարային իրավիճակ չէր կարող ստեղծել «Lexus»-ի համար:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր