211652_close_icon
views-count790 դիտում article-date 23:25 14-09-2024

Ժաննա Անդրեասյանը Եղեգնաձորում մասնակցել է Վայոց ձորի կրթամշակութային էքսպոյին

Հանրակրթական դպրոցներում հայտարարված մշակութային տարվա շրջանակում սեպտեմբերի 14-ին ՀՀ բոլոր մարզերում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են կրթամշակութային էքսպոներ։

Դրանք նպատակ ունեն ընդլայնել մշակույթի դերը կրթության համակարգում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, արժեհամակարգի և աշխարհայացքի կերտմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վայոց ձորի մարզի կրթամշակութային էքսպոյին, որը կազմակերպվել է Եղեգնաձորի պատկերասրահում։

ԿԳՄՍ նախարարը շրջել է Վայոց ձորի մարզից ծրագրին միացած 6 մշակութային հաստատությունների տաղավարներում, ծանոթացել վերջիններիս կողմից առաջարկվող մշակութային ծրագրերին և կոչ արել ավելի սերտ համագործակցել դպրոցների հետ:

Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ծանոթացել է ցուցադրվող նմուշներին, եղել է նաև Վայոց ձորի մարզային գրադարում, զրուցել օրվա շրջանակում պատկերասրահ և գրադարան այցելած դպրոցականների հետ՝ նշելով, որ ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո՝ երեխաների ստեղծագործականությունն ու նախաձեռնողականությունը խթանելու նպատակով: Արդյունքում, ինչպես նախարարն է նշել, նախատեսվում է խրախուսել մշակութային հաստատությունների և դպրոցների համատեղ աշխատանքը՝ հիմքում ունենալով կրթության հետ կապը:

Եղեգնաձորում կազմակերպված կրթամշակութային էքսպոյին ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Մարզերում անցկացված մշակութային էքսպոների շրջանակում ձևավորված իրազեկման հարթակներում ներկայացվել է նաև «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագիրը։ Մասնավորապես, մշակութային կազմակերպությունները դպրոցներին իրազեկել են իրենց կողմից իրականացվող կրթամշակութային ծրագրերը և սպասվող նախաձեռնությունները: Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում մեկ հարթակում են միավորվել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնց հետ դպրոցները տարվա ընթացքում կարող են համագործակցել՝ հաշվի առնելով նաև ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցման արդյունավետ կազմակերպումը։

Նմանատիպ նյութեր