211652_close_icon
views-count757 դիտում article-date 15:27 10-09-2024

Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է. Փաշինյանի ելույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ Հնդկաստանի Դիտորդ հետազոտական հիմնադրամի հետ համագործակցությամբ, որին մասնակցում են 80-ից ավելի պետությունների պաշտոնական, փորձագիտական, ակադեմիական, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հանրաճանաչ անձինք, հանրային կարծիք ձևավորողներ, վերլուծաբաններ:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ «Yerevan Dialogue» համաժողովի մեկնարկը և հիմնումը: Ակնհայտ է, որ «Yerevan Dialogue»-ը կարևոր հարթակ է միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր քննարկելու, մտքեր կիսելու, գաղափարներ առաջարկելու համար: Եվ այս առումով ուզում եմ միանգամից անդրադառնալ թերևս այս լսարանին ամենաշատը հետաքրքրող հարցին՝ հնարավո՞ր է արդյոք տևական և կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և իրատեսակա՞ն է արդյոք:

Սա, իհարկե, հարց է, որին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը պիտի պատասխանի: Եվ ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին և այդ հարցին կպատասխանեմ Հայաստանի Հանրապետության դիտանկյունից: Ըստ այդմ՝ տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է: Ինչո՞ւ եմ այսպես կարծում, հիմա կփորձեմ մի քանի առանցքային կետերով ներկայացնել մեր դիրքորոշման հիմնավորումները: Առաջինը, իհարկե, պիտի անդրադառնամ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին: Դուք վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, այդ մասին եղել են հայտարարություններ տարբեր ամբիոններից, և ուզում եմ գործնականում նշել, թե ինչ է դա նշանակում:

Խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով՝ 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, եթե ավելի առարկայական լինեմ, այդ հոդվածների նախադասություններից 1-ը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ:

Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային հիմնարար դրույթները, մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ, որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի Հանրապետությանը, հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները: Էլ չեմ ասում, որ խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված մասում ակնհայտորեն նախատեսվում է դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Եվ հետևաբար, մենք կարող ենք գնալ նման լուծումների և այդ առաջարկն արել ենք հրապարակային և պաշտոնապես: Եվ ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ ստորագրել առաջիկա հնարավոր ժամկետում, ահա համաձայնեցված տեքստը խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի:

Հաջորդ կարևոր թեման Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, իհարկե, սահմանազատման գործընթացն է, և մենք այստեղ նույնպես ունենք էական տեղաշարժ: Եվ այդ տեղաշարժն արտահայտվում է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգ: Եվ այդ կանոնակարգում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել էին դեռևս սույն թվականի ապրիլի 19-ին՝ հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ: Այսինքն՝ արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք, և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հենց Ալմա-Աթայի հռչակագրով:

Մեր այն գործընկերների համար, ովքեր ավելի մանրամասն տեղեկացված լինելու կարիք ունեն, ուզում եմ ընդգծել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել են մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ՝ ներառյալ Հայաստանը և Ադրբեջանը, և այդ հռչակագիրը, ըստ էության, մեր քննարկվող թեմայում ունի երկու առանցքային դրույթ: Այդ դրույթներից առաջինը հետևյալն է, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և երկրորդը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Եվ սա շատ կարևոր հիմք է, որը, ըստ էության, եթե մեկնաբանենք Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան դրույթը, կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց ճանաչում են՝ խորհրդային հանրապետությունների տարածքների շրջանակներով:

Այժմ, ինչպես նշված է, Հայաստանի Հանրապետությունում և Ադրբեջանում, համաձայն պայմանավորվածության, այս կանոնակարգն ընթանում է ներքին համաձայնեցման, ներպետական ընթացակարգերով: Եվ, իհարկե, հույս ունեմ և համոզված եմ՝ գոնե Հայաստանի Հանրապետությունում մենք ամեն ինչ կանենք այն լրումին հասցնելու համար: Հիմա Կառավարությունն ընդունել է նախագիծը, ուղարկել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար:

Հաջորդ կարևոր թեման մեր տարածաշրջանում իրադրության գնահատման և տևական կայունություն հաստատելու առումով, իհարկե, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, և ես հույս ունեմ, դուք տեղյակ եք Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծից: Այդ նախագիծը նախատեսում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային կոմունիկացիաների, այսինքն՝ երկաթուղի, ավտոճանապարհ, հնարավոր մալուխներ, հնարավոր գազամուղեր, էլեկտրագծեր, այլ հաղորդակցության ուղիներ բացել, այլև ենթադրվում է նաև, որ նման զարգացում պիտի տեղի ունենա նաև Հայաստանի և Թուրքիայի միջև:

Իհարկե, «Խաղաղության խաչմերուկը» մեզ համար կարևոր է նաև այն պատճառով, որովհետև մենք այս նախագծի իրացման դեպքում հնարավորություն ենք ստանում նաև երկաթուղային կապ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ում հետ հարաբերությունները հասկանալիորեն և ակնհայտորեն շատ կարևոր են մեզ համար: Մենք հնարավորություն ենք ունենում երկաթուղային կապ ունենալ նաև Թուրքիայի հետ, Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ: Իհարկե, նաև Ադրբեջանը հնարավորություն է ունենում Հայաստանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Եվ, իհարկե, այստեղ կարևոր է նաև Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև ավտոմոբիլային և երկաթուղային կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության տարածքով: Եվ մենք պատրաստ ենք, ինչպես երևում է նախագծից, նման հաղորդակցություն տրամադրել, բայց նաև պետք է արձանագրենք, որ այսօր Նախիջևանը զրկված չէ տրանսպորտային կապից, որովհետև և՛ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և՛ Թուրքիայի տարածքով Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հնարավորություն ունի արտաքին աշխարհի հետ կապ հաստատել: Եվ, ըստ էության, մենք պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել այս նախագծի իրագործմանը, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովմանը:

Ավելին ասեմ՝ շուրջ երկու տարի Հայաստանի Հանրապետության Կառավարության օրակարգում կամ օրակարգի մերձակայքում շրջանառվում է Կառավարության որոշման նախագիծ, որով մենք պատրաստակամ ենք իրականացնելու այս գործընթացը: Ի՞նչն է խանգարում այս գործընթացին, խանգարում է այն, որ կարծես թե մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությամբ: Մասնավորապես, թերևս դուք լսել եք նաև դրա մասին, շատ է քննարկվում հարցը, թե ինչքանով է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համապատասխանում կամ տեղավորվում այդ թվում՝ նոյեմբերի 9-ի 2020 թվականի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ: Վերջին շրջանում այս առումով քննարկումներն ակտիվացել են, և այդ քննարկումներում փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր:

Ես պիտի միանգամից ասեմ, որ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ, և դա ավելի հիմնավոր դարձնելու համար հիմա կմեջբերեմ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»:

Ինչպես տեսնում եք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը ՀՀ տարածքով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման՝ վերապահել է Հայաստանի Հանրապետությանը: Սա բաց, հրապարակային, հասկանալի տեքստ է, և այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև անտրամաբանական է, որ ինքնիշխան երկրի տարածքում որևէ այլ երկիր պիտի ապահովի անվտանգությունը:

Ընդհանարապես, ես ձեզ ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով, որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել այն ինչ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Օրինակ՝ ի՞նչ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: Նման դրույթ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա: Այսինքն, կրկնում եմ՝ դա հրապարակային փաստաթուղթ է, ես հրավիրում եմ բոլորին փնտրել, գտնել և գտնելու դեպքում, դեմ չենք նաև, մեզ տեղեկացնել, բայց պիտի արձանագրեմ, որ նման դրույթ գոյություն չունի: Ասում եմ, որպես մի մարդ, ով ստորագրել է այդ թուղթը: Չկա որևէ դրույթ, որը կնշանակի, որ Հայաստանի Հանրապետության իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում որևէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողությունների առումով: Նման դրույթ պարզապես գոյություն չունի և չէր էլ կարող ունենալ:

Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այն ինչ ես հիմա մեջբերեցի որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գոյություն չունեցող դրույթ, շատերը փորձ են անում ներկայացնել որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթ: Սա նոր դիվանագիտական տեխնիկա է, որը, անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ, հղում անել փաստաթղթին և ներկայացնել դրույթ, որը փաստաթղթում պարզապես գոյություն չունի: Եվ պետք է ասեմ, որ նման գործելակերպը մեզ համար անհասկանալի է և ուղիղ պիտի ասեմ՝ անընդունելի:

Փոխարենը, եթե ուզում ենք տեսնել, թե ինչ կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, օրինակ, նույն 9-րդ կետում փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապն ապահովելու մասին է, մինչդեռ կետը սկսվում է հետևյալ կերպ, մեջբերում եմ. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է:

Եռակողմ հայտարարության 7-րդ կետն ասում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Ինչպես տեսնում եք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանի նախագահը, ես այդ փաստաթուղթը ստորագրեցինք, դրանից հետո ոչ միայն այդ պահին Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները լքած հայ փախստականները չեն վերադարձել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այլև ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվել է՝ էթնիկ զտումների բերումով:

2020 թվականի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ասում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»: Մինչև օրս Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, պատանդներ և այլ պահվող անձինք, և մինչև օրս նրանք չեն վերադարձվել, և սա նույնպես դրույթ է, որը կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և ինչպես տեսնում եք՝ չի կատարվել: Ցավոք, պիտի ասեմ, որ որևէ գործընկեր որևէ հիմք չունի Հայաստանին մեղադրելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ որևէ դրույթ չիրականացնելու մեջ, իսկ ինչպես տեսնում եք՝ Հայաստանի Հանրապետությունը և ընդհանարապես ցանկացած անկախ և օբյեկտիվ դիտորդ, ունի հիմքեր ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները առնվազն ամբողջությամբ չեն իրականացրել իրենց պարտավորությունները:

Եվ հետևաբար, հարգելի ներկաներ, սա է այն տրամաբանությունը «Խաղաղության խաչմերուկ», սահմանազատման գործընթաց, խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ, որը մենք առաջարկում ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն ապահովելու համար: Բայց կարող է հարց հնչել և պետք է հնչի այդ հարցը՝ իսկ ի՞նչ հակափաստարկներ կան այս փաստարկների վերաբերյալ:

«Խաղաղության խաչմերուկի» հետ կապված հակափաստարկներին ես անդրադարձա, հիմա ուզում եմ անդրադառնալ խաղաղության գործընթացի հետ կապված հակափաստարկներին: Վերջին շրջանում դուք շատ եք լսել հայտարարություններ, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Ինչո՞վ է հիմնավորվում այս դրույթը. նրանք, ովքեր փորձում են դա հիմնավորել նրանով, որ օրինակ՝ Սահմանադրության նախաբանում կա մասնակի հղում 1990 թվականի օգոստոսի 23-ին, այսինքն՝ դեռևս Խորհրդային Միության ժամանակ ընդունված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին: Հռչակագրում խոսվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին: Թվում է, թե փաստարկը հիմնավոր է, բայց ես ուզում եմ ասել, որ Հռչակագրի 5-րդ կետում, օրինակ, կներեք նման մանրամասների մեջ մտնելու համար, բայց շատ կարևոր է, որ թեման, որը քննարկվում է կամ փորձ է արվում լայն քննարկման դնել՝ հասկանալի լինի առանցքային մանրամասներով: Օրինակ, Հայաստանի անկախության հռչակագրում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին, այսինքն՝ պառլամենտին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Սա ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ ասելով, որ ոստիկանությունը, զորքերը, անվտանգության մարմինները ենթարկվում են խորհրդարանին, բայց երբ 1995 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այդ պահից և նույնիսկ դրանից առաջ էլ Հայաստանի Հանրապետության բոլոր ուժային կառույցները ենթարկվել են Հանրապետության նախագահին, իսկ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ենթարկվել են, ենթարկվում են, գտնվում են Կառավարության ենթակայության ներքո: Ի՞նչ է սա նշանակում՝ սա նշանակում է, որ Անկախության հռչակագրի դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ արտացոլված են այնքանով, որքանով արտացոլված են տառացի և բառացի, ինչը նաև մեր իրավական կարգավորումների շատ կարևոր դրույթ է, որ մենք օրենքները, տեքստերը պետք է հասկանանք տառացի և բառացի:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն ամենի մասին, ինչի մասին փորձ են անում վերագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սա էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նմանությամբ այն դեպքերից է, երբ փորձ է արվում Հայաստանի Սահմանադրությանը վերագրել մի բան, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում գրված չէ և պարզապես չկա: Եվ ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում գործում են միջազգային պայմանագրերի դրույթները»: Սա էլ շատ կարևոր առանձնահատկություն է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից վավերացումից հետո փաստն իսկ պիտի նշանակի, որ այդ պայմանագիրը չի հակասում Սահմանադրությանը: Վավերացման պահից այն ստանում է գերակա ուժ մնացած բոլոր հնարավոր օրենքների նկատմամբ: Եվ սա մի գործոն է, որը նույնպես անպայման պետք է հաշվի առնել:

Բայց ուզում եմ արձանագրել, որ իրականությունը մի փոքր հակառակն է: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Սա ինչո՞վ է հիմնավորվում: 1991 թվականին ընդունված Ադրբեջանի սահմանադրական ակտն ընկած է Ադրբեջանի Սահմանադրության հիմքում և դա արձանագրված է Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում և բխում է համաձայն սահմանադրական ակտի՝ 1918 թվականին Ադրբեջանի առաջին հանրապետության ստեղծման հռչակագրի հիման վրա: Այսինքն՝ Սահմանադրությունը հենվում է 1991 թվականին ընդունված պետական անկախության ակտի վրա, պետական անկախության ակտը 1991 թվականին ընդունված՝ հենվում է 1918 թվականի անկախության հռչակագրի վրա: Իսկ 1918 թվականի անկախության հռչակագրում ասվում է, որ Ադրբեջանի տարածքներ են համարվում Արևելյան և Հարավային Անդրկովկասը, և ավելին՝ 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսին և նույն թվականին Ազգերի լիգային Ադրբեջանի ժողովրդավարական Հանրապետության գրանցման համար ներկայացրել են քարտեզներ, որոնք ներառում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզից որոշակի հատվածներ:

Այսինքն՝ այս ամենն ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց կարևոր է արձանագրել նաև, որ մենք դա չենք դարձնում բանակցային թեմա, մենք չենք բարձրացնում այդ հարցը, ինչո՞ւ, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում մենք ունենք դրույթ, որն ասում է հետևյալը, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը որպես արդարացում՝ տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար: Այսինքն՝ մենք մի կողմից տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում՝ խաղաղության գործընթացը փակուղի չմտցնելու համար, այդ թվում՝ այն պատճառով, որ համարում ենք, որ խաղաղության պայմանագրի իմ խոսքի սկզբում հիշատակված տեքստն ամբողջությամբ արձանագրում և հասցեագրում է այդ խնդիրը, և միջազգային պայմանագրով մենք արձանագրում ենք, որ կողմերն իրենց ներքին օրենսդրությանը չեն կարող հղում անել միջազգային պայմանագրով, խաղաղության պայմանագրով արձանագրված պարտավորությունները կատարելու համար:

Հարգելի գործընկերներ, ըստ էության, ես ուզում եմ վերադառնալ այն կետին, որ կետից, որ սկսել էի և ևս մեկ անգամ արձանագրել, որ սա իսկապես կարևոր պահ է մեր տարածաշրջանի համար, որպեսզի մենք վերցնենք այն, ինչ համաձայնեցված է, ընդ որում, կրկնում եմ՝ համաձայնեցվածը, ինչպես արդեն Ադրբեջանի ներկայացուցիչներն են նաև ընդունել, խաղաղության պայմանագրի բովանդակության, հնարավոր բովանդակության 80 տոկոսն է: Այսինքն՝ մենք ունենք ավելի քան, Հայաստանը և Ադրբեջանը միասին, հսկիչ փաթեթ, եթե պատկերավոր արտահայտվեմ՝ խաղաղության պայմանագրի համար: Եվ մենք առաջարկում ենք 13+3 համաձայնեցված դրույթները դնել սեղանին, ստորագրել հիմա՝ որպես խաղաղության պայմանագիր և անցնել հետագա հարցերի քննարկմանը:

Եվ ուզում եմ նաև հատկապես, հույս ունեմ՝ հեղինակավոր այս լսարանը կհամաձայնվի, երբեք որևէ տեղ չի եղել որևէ պայմանագիր, որ հասցեագրի և լուծի բոլոր հարցերը: Չկա այդպիսի պայմանագիր պարզապես: Ինչ պայմանագիր էլ կնքենք, եթե նույնիսկ մենք կքնենք պայմանագիր 20 հոդվածով, 30 հոդվածով, 40 հոդվածով, 50, նույնիսկ 100 հոդվածով, էլի մնալու են 200 հնարավոր հոդվածներ, 300 հնարավոր հոդվածներ, որոնք տվյալ պայմանագրում լինելու են չլուծված: Չկան երկրներ, որոնց հարաբերությունները կարգավորվում են մի պայմանագրով: Բայց շատ կարևոր է դնել այն հիմքը կամ ավելի ճիշտ՝ չմերժել այն հիմքը, որն արդեն դրված է մեր մի քանի տարվա բանակցությունների արդյունքում: Ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում առիթ կունենանք ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված մասը, համաձայնեցված տեքստը և անցնել հետագա բանակցությունների՝ մնացած հնարավոր հարցերը լուծելու համար:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար և ուզում եմ հաջողություն մաղթել «Երևանյան երկխոսություն» համաժողովին, ընդ որում, ոչ միայն 2024, այլև 2025, 2026 և հետագա տարիների համար:

Շնորհակալ եմ»:

Նմանատիպ նյութեր