211652_close_icon
views-count25995 դիտում article-date 13:11 02-09-2024

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Գորիսում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն․ կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում շուկայի մոտակայքում, մոտ 10 անձանց միջև ծեծկռտուք է, հնչեցնում են հայհոյանքներ, ինչը խոչընդոտում է մի շարք բնակիչների անդորրը, խնդրել են ոստիկաններ մոտենան նշված հասցե և հավելել է, որ հնարավոր է մարդասպանություն տեղի ունենա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 24-ին, ժամը 04։25-ի սահմաններում «Գորիսի» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի թիկնային մակերեսի պատռած վերքեր, 3-րդ մատի տարածիչ ջլի լրիվ հատումով, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Գ․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է կռիվ բաժանելու հետևանքով:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 24-ին ժամը 01։30-ի սահմաններում Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում անձնական հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Գագիկ Ա․-ի և 41-ամյա Հարություն Զ․-ի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և տվել հայհոյանքներ, այդ ընթացքում վիճաբանությունը բաժանելու նպատակով միջամտած Գոռ Գ․-ն վայր է ընկել գետնին և ստացել վերոնշյալ մարմնական վնասվածքները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանությանը ներկա են գտնվել նաև Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Համլետ Ա․-ն, 25-ամյա Նարեկ Շ․-ն, 16-ամյա Արեն Զ․-ն, 29-ամյա Հարութ Ա․-ն և այլոք, որոնց տվյալները պարզվում են:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր