211652_close_icon
views-count1168 դիտում article-date 13:45 12-08-2024

Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում․ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։

«ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից», - ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 2.02-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 5-6 բալ: Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322 թվականներին համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 9-ին M=5,0:

Նմանատիպ նյութեր