211652_close_icon
views-count60932 դիտում article-date 11:25 06-08-2024

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Chevrolet Malibu», «ՎԱԶ 2106» ու «ԳԱԶ 3110» ավտոմեքենաները. կա 1 զոհ, 2 վիրավոր. ավտոմեքենաներից մեկը հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, մահվան ելքով ատովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Chevrolet Malibu», «ԳԱԶ 3110» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի հոսպիտալացվել են: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:  

Տարաքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Ղազարյանն ու Վոլոդյա Հովհաննիսյանը:

Պարեկների այսքան շատ ժամանաման պատճառը նրանում է, որ մինչ նրանց գալը դեպքի վայրում հետաքրքրասեր վարորդները մեքենաները կայանել էին ու ստեղծել էին խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևկությունը կարգավորվեց:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժանանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր