211652_close_icon
views-count1402 դիտում article-date 18:11 05-08-2024

Հայաստան-Սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը սկսել է աշխատանքները

Աշխարհի 15 երկրներից  շուրջ 100 պատվիրակ է  ժամանել Հայաստան՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին և արտերկրում հայկական կրթօջախներում առկա խնդիրները քննարկելու համար: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Համահայկական կրթական խորհրդաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ: 

Սփյուռքից ժամանած ներկայացուցիչների խորհրդաժողովն կանցկացվի 2024 թվականի օգոստոսի 5-9-ն՝ Աղվերանում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով․ «Սա շատ լուրջ ու կարևոր հարթակ է սփյուռքի կրթական գործընթացի կազմակերպիչների  հետ երկխոսության մեջ մտնելու և նրանց միմյանց հետ կապելու տեսակետից: Այս համաժողովը  գործող մարտահրավերներին և ծագող խնդիրներին լուծում տալու, հասցեագրելու լավագույն եղանակն է: 

Այս տարվա կարևոր շեշտադրումներից մեկն այն է, որ մենք գտնվում ենք կրթական լայնածավալ բարեփոխումների փուլում, և խնդիր կա, որպեսզի սփյուռքի կրթական ծրագրերը հնարավորինս համադրելի լինեն  հանրակրթական պետական չափորոշչին: Երկրորդ՝ մենք միացել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Փոխակերպվող կրթություն 2030» օրակարգին և կարիք կա, որպեսզի սփյուռքում կրթությունը ևս լինի ժամանակի շնչին և Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին համահունչ»։

Այս  տարվա խորհրդաժողովի լիագումար նիստերում նախատեսված են զեկույցներ «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության, Հանրակրթության նոր չափորոշչի և դասագրքերի, ՀՀ պետական լեզվաքաղաքականության, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումների ծրագրերի և այլ խնդիրների վերաբերյալ, տեղեկացրել է Մարտիրոսյանը։ 

Պատվիրակները կներկայացնեն իրենց համայնքներում կրթության կազմակերպման գործի ներկա վիճակը, ձեռքբերումները, մեթոդական նորարարությունները, հայագիտական կենտրոնների գործունեությունը: 

Խորհրդաժողովն կամփոփվի Համահայկական խորհրդաժողովի բանաձևի ընդունմամբ, որը կազմվելու է քննարկումների արդյունքներով:

Նմանատիպ նյութեր