211652_close_icon
views-count1955 դիտում article-date 21:46 06-08-2014

Շարունակվում է Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը

Աղվերանում իր աշխատանքներն է շարունակում Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը, որի երկրորդ օրվա մեկնարկին ելույթով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով ներկայացրել է ՀՀ կրթական քաղաքականությունը և բարեփոխումների ընթացքը: Նախարարի տեղակալը, մասնավորապես, ներկայացրել է հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտներում վերջին տարիներին իրականացված աշխատանքները, որից հետո պատասխանել է մասնակիցներին հուզող մի շարք հարցերի: Դրանք, մասնավորապես, վերաբերել են ընդունելության քնննությունների հարցաշարերի, կրկնուսույցների առկայության, դիմորդների թվի նվազման, բուհերում միասնական ֆակուլտետների վերականգնման, ավագ դպրոցների ընթացքի, ներառական կրթության խնդիրներին: Մասնակիցներին առավելապես հետաքրքրում էր փոխնախարարի կարծիքը` սահմանամերձ գյուղերում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, բուհական դասագրքերի հայերեն բովանդակության, ինչպես նաև Ջավախքի դպրոցներում հայերեն դասագրքերի խնդիրների վերաբերյալ: Խորհրդաժողովին ելույթ է ունեցել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավիկ Ասրյանը, ով ներկայացրել է Կրթական բարեփոխումների ընթացքը ԼՂՀ-ում: Նա, մասնավորապես, նշել է, որ ներկայումս որպես ձևով ինքնուրույն, բայց բովանդակությամբ ընդգրկված լինելով Հայաստանի կրթության և գիտության ոլորտի միասնական տարածքում, արցախյան դպրոցը համաքայլ իրականացնում է ոլորտի բարեփոխումները` համահունչ եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու սկզբունքներին: «ԼՂՀ-ում կրթությունը, համարվելով գերակա ոլորտ, իշխանությունների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ ապահովվել է կրթական բոլոր աստիճանների` նախադպրոցականից մինչև հետբուհական մասնագիտական կթրության ներդաշնակ գործունեություն, որի նպատակն է կրթության որակի և արդյունավետության բարձրացումը: Արցախի կրթական համակարգի պահպանման և զարգացման գոծում ցուցաբերած աջակցության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ կառավարությանը և Սփյուռքին` Արցախի կրթության ոլորտի, օրենսդրական դաշտի բարեփոխումների հաջող գործընթացի, մասնագիտական և մեթոդական օժանդակության, դպրոցաշինության, գույքով և ուսումնալաբորատոր սարքավորումների, ժամանակակից տեխնոլոգիական սարքերով ապահովման, մասնագետների վերապատրաստման գործում Արցախ աշխարհի բարգավաճմանը նեցուկ կանգնելու համար»,-դիմելով խորհրդաժողովի մասնակիցներին` նշել է ԼՂՀ ԿԳ նախարարը: Խորհրդաժողովին ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ. արտաքին հարաբերությունների ոլորտում ՀՀ-ի կողմից իրականացվող աշխատանքի մասին» թեմայով:

Նմանատիպ նյութեր