211652_close_icon
views-count1351 դիտում article-date 21:29 20-07-2024

Լա Ռոշելում բախումներ են եղել ոստիկանների և բնապահպանական հարցերով ցուցարարների միջև

Ֆրանսիայի արևմտյան Լա Ռոշել նավահանգստային քաղաքում շաբաթ օրը բնապահպան հարցերով բողոքի ցույցի դուրս եկածները բախվել են ոստիկանության հետ։ Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ բնապահպաններն ու մանր ագարակատերերը բողոքում էին ոռոգման հսկայական ջրամբարների կառուցման դեմ։

Ոստիկանները տեղական ժամանակով 14:00-ի սահմաններում ցրել են քաղաքի փողոցներով անցնող 2000 հոգանոց երթը: Ոստիկանության աղբյուրը Ֆրանսպրեսին հայտնել է, որ երթի մասնակիցներից մոտ 400-ը, այսպես կոչված, ձախ արմատականներ են:

Բարիկադների և այրվող աղբամանների շուրջ բախումներ են սկսվել, ոմանք արկեր են նետել, իսկ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Ըստ Լա Ռոշելի դատախազության՝ մեկ ոստիկան այրվածքներ է ստացել, իսկ թեթև վիրավորված հինգ ցուցարարներ բուժօգնություն են ստացել։

Բախումների ժամանակ թալանվել են մի քանի խանութներ, վնասվել են քաղաքի կանգառներն ու գովազդային վահանակները:

Քաղաքով անցող երկրորդ՝ ավելի խաղաղ երթը, որին մասնակցում էր մոտ 3000 մարդ, ներառյալ՝ մի քանի ընտանիք, քաղաքի կենտրոնից շարժվել է դեպի առևտրային նավահանգիստ։

Նմանատիպ նյութեր