211652_close_icon
views-count955 դիտում article-date 16:33 15-07-2024

Պակիստանում ձերբակալել են նախկին վարչապետին և նրա կնոջը

Պակիստանում դատարանը մինչեւ հուլիսի 22-ը ձերբակալել է նախկին վարչապետ Իմրան Խանին եւ նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին նոր մեղադրանքով՝ կապված «իշխանության ենթադրյալ չարաշահման հետ պետական «Թոշահանա» գանձարանից նվերներ ձեռք բերելու համար», տեղեկացրել է Geo հեռուստաալիքը։

Պակիստանի հակակոռուպցիոն գործակալությունը նոր մեղադրանք է առաջադրել այն բանից մոտ մեկ օր հետո, երբ Իսլամաբադի դատարանը շաբաթ օրը բավարարել էր Խանի եւ նրա կնոջ բողոքարկումը՝ չեղարկելով անօրինական ամուսնության մասին դատավճիռը։

«Դատարանը հանձնարարել է հակակոռուպցիոն ազգային բյուրոյին հարցաքննել երկու կասկածյալների Ադիալա բանտում, ինչպես նաեւ կարգադրել է ամուսիններին ներկայանալ դատարան հուլիսի 22-ին»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։

Նախկին վարչապետի եւ նրա կնոջ փաստաբանը հայտնել է, որ այս ձերբակալությունը հակաօրինական է՝ ավելացնելով, որ իրենց միջնորդությունը գրավի դիմաց ազատ արձակման մասին արդեն դիտարկվում է գերագույն դատարանում։

Պակիստանի կառավարությունը 2018-2022թ. գլխավորած Իմրան Խանը պաշտոնազրկվել է 2022թ. ապրիլի 10-ին նրան անվստահության քվե հայտնելու հետեւանքով։ 2023թ. օգոստոսին Խանը ձերբակալվել է խարդախության գործով՝ կապված պետական «Թոշահանա» գանձարանում պահվող արժեքավոր իրերի վաճառքի հետ։ Ավելի ուշ նրան ներկայացվել են մի շարք մեղադրանքներ, մասնավորապես՝ պետական դավաճանության (գաղտնի հեռագրի տարածում) եւ այլն։ Խանի ներկայացրած բողոքարկումների ընթացքում մեղադրանքների մեծ մասը հանվել է, բայց նախկին վարչապետը մնացել է կալանքի տակ անօրինական ամուսնության գործով։

Նմանատիպ նյութեր