ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՆԲ ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման բնագավառում ունեցած ակտիվ մասնակցության համար՝ նշելով, որ այն հիմնված է փոխշահավետ համագործակցության վրա։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նախարարության և ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, Մ6` Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրին և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող հարցեր:
Նախարարն ընդգծել է իրականացվող ծրագրերի ռազմավարական նշանակությունը և հույս հայտնել, որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք:
ԵՆԲ ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել մասնակցություն ունենալ նոր և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ֆինանսավորման հարցում: