211652_close_icon
views-count1024 դիտում article-date 18:34 13-06-2024

Շտապօգնության մեքենաներն ուշացումով էին հասնում․ ոստիկաններին համոզում էինք, որ օգնություն կանչեին․ ինչ է պատմում Վիկտոր Մնացականյանը երեկվա միջադեպից

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժել են նաև «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը, որը ոտքերի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, և կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Ավետիսյանը, որը ոտքի ծանր վիրավորում էր ստացել:

ArmLur.am-ի հետ զրույցում այսօր Վիկտոր Մնացականյանը պատմեց, որ թե ՛ իր, թե՛ Արման Ավետիսյանի վիճակն արդեն լավ է.

«Արմանին այսօր արդեն երկրորդ անգամ վիրակապեցին: Իմն ուղղակի ոտքի եւ մարմնի տարբեր թեթեւ վնասվածքներ են, Արմանի վնասվածքներն են մի քիչ ավելք ծանր, բայց հիմա արդեն լավ է, նա տանն է: Մենք հաշվի ենք առնում, որ հանրահավաքների ժամանակ նման միջադեպեր կարող են լինել,»- ասում է Մնացահանյանը՝ նկատելով, որ երեկ հանրահավաքի ընթացքում ոստիկանությունը ոչ իրավաչափ միջոցներ է կիրառել.

«Եթե կիրառված միջոցները լուսաձայնային էին, ինչու էին հարյուրավոր մարդիկ մարմնական վնասվածքներ ստացել: Ոստիկանները լուսաձայնային նռնակները պլաստմասե շշերի մեջ էին դրել, որ ճնշումից շիշը պայթի ու մարդկանց ոչ խորը վնասվածք հասցնի: Նաեւ նշեմ, որ նռնակները հենց հավաքված քաղաքացիների մեջ էին քցում»,-պատմում է նա:

Վիկտոր Մնացականյանը նաեւ ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա.

«Շտապօգնության կենտրոնական կայանը հավաքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է, բայց 20-25 րոպե ուշացումով էին տեղ հասնում: Ես երբ Պռոշյան-Բաղրամյան պողոտայում մոտեցա պարեկներին, 10 րոպե խնդրում, համոզում էի, որ շտապօգնություն կանչեին: Մի մասն ասում էր՝ դա իրենց գործը չէ, մի մասն էլ՝ որ արդեն կանչել են, մի քանիսն էլ մոտենում էիր, որ բան խնդրեիր, շրջվում, մեջքով էին կանգնում՝ կարծես իրենց թշնամին լինեինք: Լինում էր նաեւ, որ մի մեքենայով մի քանի հիվանդ էին տեղափոխում: Պետք է խիստ նկատողություն հայտարարվի եւ ծառայողական քննություն այս դեպքերի մասով:

Իմ աչքով տեսել եմ՝ այն պահին, երբ հարյուրավոր քաղաքացիներ օգնության կարիք ունեին, շտապօգնություն գլխավոր կայանի մոտ 30-ից ավել մեքենաներ էին կանգնած, պարեկներն էլ հրաժարվում էին շտանօգնություն կանչել, երբ դիմում ես՝ չեն էլ խոսում հետդ, սա ոչ պրոֆեսիոնալության մասին է խոսում»,-մեզ հետ զրույցում պատմեց Վիկտոր Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր