211652_close_icon
views-count52048 դիտում article-date 22:15 03-06-2024

Կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և արյունոտ հողաթափ․ ոստիկանները հայտնաբերել են հանցագործության գործիք հրազենը․ ժամանել է Երևանի ոստիկանության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր քաղաքացի։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի թիվ 17 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված հողաթափ, խաչ և կրակված պարկուճ։

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Վարուժան Ազիզյանն ու պարեկ Ագապի Խաչատրյանը։

Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկել ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշ 41 փողոցի 17 հասցեից, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 խմբի կողմից, և վիրավորը նշված տան բնակիչ 52-ամյա Արթուր Ա․- ն է։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ ժամը 18։30-ի սահմաններում նշված հասցեի դիմաց Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդի, նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գարիկ Ա․-ն, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայանում է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հիմնավոր կասկածով ձերբակալվում է։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։

Գարիկ Ա․-ին և հրազենը Էրեբունու ոստիկանները ներկայացրել են քննչական բաժին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր