211652_close_icon
views-count571 դիտում article-date 12:38 02-05-2024

Ի՞նչ իրավունքով են խոչընդոտում մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը․ հետո այսպես ծառ տնկելով, ադրբեջանցիներին չտեսնելով կհասնեն Երևան․ Գառնիկ Դանիելյան

Հենց հիմա ոստիկանական զորքը պատ է կազմել, ասում ենք՝ ո՞ր օրենքով մեզ թույլ չեք տալիս գնանք մեր գյուղը, ասում է՝ այդտեղի բնակիչ չես, այնտեղ չես բնակվում, ուրեմն իրավունք չունես։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ում և մի շարք քաղաքացիների ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս մտնել Կիրանց։

«Այդ որտե՞ղ է գրված, որ մեր գործունեությունը պետք է խոչընդոտեն, պատգամավորի, մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը խոչընդոտեն։ Վարչապետն ասել է՝ գյուղը կբաժանվի 2 մասի, ծառ կտնկնեք ադրբեջանցիներին չեք տեսնի, սկզբում գյուղացիներին պատ էր ասում կկառուցեն, հիմա ասում է՝ ծառ կտնկենք»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե ասում են՝ ոչ լեգիտիմ է այդտեղ բնակվելը, Դանիելյանն ասաց․ «5 տասնյակից ավելի կադաստրի վկայական կա, որոնք հիմա հանձնվում են Ադրբեջանին, ոչ լեգիտիմը ո՞րն է։ Այդ մարդիկ այդ տներից դուրս են եկել գնացել ընտրության, այդ մարդիկ վարկ են վերցել այդ կադաստրի վկայականով, ի՞նչ է նշանակում լեգիտիմ չէ։

Գյուղը երկու մասի են բաժանում՝ դա լեգիտի՞մ է, Կիրանցը 2 մասի են բաժանում, այդտեղ լեգիտիմության ոչ մի հարց չկա։ Բա այսքան ժամանակ, որ ընտրվել էր, եկե՞լ էր այստեղ ասել, որ ոչ լեգիտիմ է այս սահամանը, ասեիք՝ կիրանցեցի, որ մեզ ընտրում ես, Կիրանցի քաղաքացի չես, Ադրբեջանի քաղաքացի ես։ Հետո այսպես ծառ տնկելով, ադրբեջանիցներին չտեսնելով կհասնեն մինչև մայրաքաղաք Երևան։ Բա այս մարդկանց անվտանգությո՞ւնը, բա մե՞կը, բա մյո՞ւսը, 100 հարց կա»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այսօր 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել։ Նրանք պատմում են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով։

Նմանատիպ նյութեր