211652_close_icon
views-count6403 դիտում article-date 11:09 15-06-2021

Չեմ կարող ասել, թե Երևանին երբ կհասնեն, բայց եթե այսպես շա­րունակվի, ապա ամեն օր, մաս-մաս, կտոր-կտոր մեր հայրենիքը հայտնվելու է թշնամու ձեռ­քերում․ Մովսես Հակոբյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. 

«Ինչո՞ւ է թշնամին թիրախավորել և օր օրի փորձում ավե­լի ամուր ամրապնդվել հենց Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, պատահական է արդյոք կոնկրետ ուղղությունների ներխուժումը: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ռազմական գործիչ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից, ով բավական ուշագրավ փակագծեր բացեց՝ փաստելով, որ թշնամու կոնկրետ ուղղություններով առաջխաղացումը ամենևին էլ պատահական չէ.

-Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ պետական սահմանին, նախա­տեսված է 2020 թվականի նո­յեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ստո­րագրված փաստաթղթով: Այնտեղ ավելի վատ կետեր կան ամրագրված, որոնց գործընթացը դեռևս սկսված չէ: Ես սրան անդրադարձել եմ դեռ անցյալ տարի՝ նոյեմբերին: Ասել եմ, որ մենք այսպիսի խնդիր ունենալու ենք Վարդե­նիսում և Սյունիքում: Մտահոգություն­ներս հնչեցրել եմ թե՛ իմ հրապարակա­յին ելույթներում, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առանձին հան­դիպման ընթացքում: Ինձ վստահեցրել են, որ, այո, այդ ուղղությամբ աշխա­տանքներ տարվում են, բայց փաստ­վեց, որ մենք արդեն պաշտպանություն չունենք, մեր սահմանները բաց են, և մեր հակառակորդը անում է այն, ինչ ու­զում է: Ասենք, շատ դեպքերում հակա­ռակորդը նաև իրականացնում է պայ­մանավորված գործողություններ, որոնց հիմնավորումներ ևս կարելի է գտնել հիշատակված փաստաթղթում, այդ թվում՝ այն ուղղությունները, որոն­ցով նա մխրճվում է ՀՀ տարածք:

- Այսինքն՝ ամենևին էլ պատահական չէ՞ր թշնամու՝ կոնկրետ ուղղություններով ներխուժումը:

- Շատ ճիշտ հարց՝ պատահական չէր: Այո՛, պատահական չէր: Կոնկրետ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ կապ ունեն այն կոմունիկացիաների հետ, որոնք հետագա­յում պետք է բացվեն: Իշխանասարի բարձունքն ամբողջությամբ վերահս­կում է Նախիջևանի սահմանից ավտոմոբիլային ճանապարհի հատումը մին­չև Ադրբեջանի հատված մտնելը: Այնպես որ, պատահական չէ, որ հենց այդ դիրքերն են իրենց վերահսկողության տակ վերցրել և վերցնում:

-Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ, մենք այնքան ներուժ չունեի՞նք, որ դիմադրեինք թշնամու առաջխաղացմանը:

-Հակառակորդը օգտվում է այն իրավիճակից, որում մենք այսօր գտնվում ենք, և տարածաշրջանային առումով իր շահերն է առաջ տանում: Հակառակորդն ունի իր առջև դրված երկու կոնկրետ խնդիր՝ կոմունիկացի­աների անխափան բացումը և փախս­տականների վերադարձի ապահովու­մը:

-Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

-Մինչև թշնամին չհասկանա, որ մենք ուժեղ ենք, որ կարող են բախվել կոշտ դիմադրության, ոչինչ չի փոխվի: Իսկ այսօր թշնամին ոչ մի լուրջ դի­մադրության առաջ չի կանգնում, ինչն էլ նրան թույլ է տալիս ժամ առ ժամ լկտիանալ:

-Հնարավո՞ր է, որ մի օր էլ արթնա­նանք ու հասկանա՞նք, որ թշնամին այլևս մայրաքաղաքի դարպասների մոտ է:

-Չեմ կարող ասել, թե Երևանին երբ կհասնեն, բայց եթե այսպես շա­րունակվի, համապատասխան միջոց­ներ չձեռնարկվեն՝ հակառակորդին դուրս շպրտելու ուղղությամբ, ապա ամեն օր, մաս-մաս, կտոր-կտոր մեր հայրենիքը հայտնվելու է թշնամու ձեռ­քերում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր