211652_close_icon
views-count469 դիտում article-date 19:48 24-04-2024

Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

 ԱՄՆ-ում հայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդել է ամերիկյան The Daily Californian պարբերականը։  

Նշվում է, որ Հայ ուսանողների ասոցիացիան կազմակերպում է մեկշաբաթյա միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակմանն ու իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև այլ ոճրագործությունների կանխարգելմանը: Նախանշված են մի շարք մշակութային և ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում՝ սեմինար, մոմավառություն՝ 1.5 միլիոն նահատակված հայերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, ովքեր զոհվել են 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ։

Նախատեսված է նաև ֆիլմի ցուցադրություն՝ մարդկանց պատմական իրողություններին ծանոթացնելու համար:

Հայ ուսանողների ասոցիացիան նաև վաճառում է հայկական հացաբուլկեղեն (Գաթա) և դրամահավաքի շրջանակում աջակցում է հայ վետերաններին՝ «Հայ վիրավոր հերոսներ» ծրագրի միջոցով: Ասոցիացիայի անդամներն ամբողջ շաբաթվա ընթացքում կաշխատեն տեղեկատվական տաղավարում 24/7 ռեժիմով: Տաղավարում տեղակայված է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հայտնի հուշարձանը՝ Հայաստանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ձեռագործ կրկնօրինակը:

«Սա միջոց է, որպեսզի մենք բոլորս կապ հաստատենք մեր արմատների հետ և հասկանանք այն մեծ զոհաբերությունը, որ մատուցել են մեր հարազատներն ու հայրենակիցները»,- ասում են ակցիայի մասնակիցները:

Պարբերականը գրում է, որ հոկտեմբերից սկսած՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Հայ ուսանողների ասոցիացիան աջակցություն հավաքելու նպատակով կազմակերպել է դրամահավաք: Թերթը հայտնում է, որ վերոհիշյալ մեկշաբաթյա միջոցառումն ավելի մեծ թափ է հավաքել, քան նախորը:

Հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Թոնի Օրդուխանյանը պատրաստվում է ելույթ ունենալ Կալիֆորնիայի համալսարանի ասոցացված ուսանողների Սենատում, որտեղ նա նախատեսում է ոգեկոչել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, ինչպես նաև խոսել շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա նշել է, որ իր նպատակն է պատմել, թե ինչու 1915 թվականի ապրիլի 24-ը պատմական նշանակություն ունի հայ համայնքի և ավելի մեծ հասարակության համար:

Նա իր հիասթափությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանին պատժելու մասին օրինագիծ ներկայացնելու հարցում դաշնային կառավարության դանդաղ քայլերի կապակցությամբ:

«Իրազեկման շաբաթը մեզ համար առանձնահատուկ է։ Որպես սփյուռք, իսկապես կարևորում ենք այդ նախաձեռնությունը, քանի որ մենք սփռված ենք աշխարհով մեկ: Նուռը Հայաստանի խորհրդանիշն է։ Երբ այն բացում ես, հատիկները փռվում են շուրջը»,- եզրափակել է Թոնի Օրդուխանյանը։

Նմանատիպ նյութեր