211652_close_icon
views-count964 դիտում article-date 19:02 03-04-2024

Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 963-ի

Վերջին տվյալներով՝ Թայվանում ապրիլի 3-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 963 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Թայվանի՝ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի ներկայացուցիչը։

Թարմացված տվյալների համաձայն՝ տուժածների թիվն առավել մեծ է Սինբեյ քաղաքում (248 մարդ) և Հուալյան շրջանում (176)։ Շտաբի ներկայացուցիչը նշել է, որ ևս 143 մարդ արգելափակված է փլատակներում կամ օգնության է սպասում դժվար հասանելի վայրերում: Մահացածների թիվը մնում է նույնը՝ 9 մարդ:

Թայվանի արևելքում տեղական ժամանակով 07:58-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 03:58-ին) տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է մինչև 7.7 մագնիտուդ՝ դառնալով ամենաուժեղը վերջին 25 տարվա ընթացքում։ Ցնցման աղբյուրը գտնվել է 15.5 կմ խորության վրա։ Հիմնական ցնցմանը հաջորդել է 3.1-6.6 մագնիտուդ ուժգնությամբ մոտ 125 կրկնացնցում: Երկրաշարժն առաջացրել է նաև փոքր բարձրության ցունամի։

1999 թվականի սեպտեմբերի 21-ին Թայվանում 7.2 մագնիտուդով երկրաշարժից զոհվել էր շուրջ 2.4 հազար մարդ, տուժել էր՝ 11.3 հազարը:

Թայվանի Կենտրոնական օդերևութաբանական վարչության սեյսմոլոգիական կենտրոնի նախկին ղեկավար Գո Կայվենը գտնում է, որ երկրաշարժի ուժգնությունը մոտավորապես 32 անգամ գերազանցում է 1945 թվականին ճապոնական Հիրոսիմայի վրա ամերիկացիների նետած միջուկային ռումբի հզորությունը:

Նմանատիպ նյութեր