211652_close_icon
views-count700 դիտում article-date 15:51 29-03-2024

«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է

ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը վերացվել է արդարացման հիմքով:
Հատկանշական է, որ այս մասին ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն չեն տարածել:

Այս առնչությամբ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով. «Լուսինեն այն բժիշկներից է, որ հարյուրավոր անքուն գիշերներ է անցկացրել կովիդի համավարակի ժամանակ հազարավոր պացիենտների կյանք փրկելու համար, իսկ մի որոշ ժամանակ էլ գլխավորել է պացիենտերի դուրս գրման հարցերով բժշկական կենտրոններին աջակցող բժշկական խումբը:

Լուսինեին, և ևս մեկ անձի, մոտ մեկ տարիռաջ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում հանիրավի մեղադրանք էին առաջադրել մի բանի համար, որը նրանք չէին արել, ամիսներով պահել էին կալանքի և տնային կալանքի տակ, կալանք էին դրել բանկային հաշիվների վրա և այլն:

Սրա մասին ես բազմիցս խոսել եմ վերջին մեկ տարվա ընթացքում և փաստորեն ահա Լուսինե Եղիազարյանի նկատմամբ քրեական վարույթը կարճվում է արդարացման հիմքով (անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը): Նաև նշել էի, որ հանցագործության կատարման վերաբերյալ բավարար ապացույց չունենանով, ՀԿԿ-ն հատուկ այնպիսի խափանման միջոցներ է ընտրում կամ միջնորդում դատարաններին, որպեսզի կարողանա խոստովանական կամ այլ տեսակի ցուցմունքներ կորզել անհիմն մեղադրված անձանցից:

Անմեղ մարդկանց հանդեպ անհիմն մեղադրանք առաջադրող քննիչները և այդ կառույցների ղեկավարները, ինչպես նաև հսկող դատախազները ոչ միայն պետք է ազատվեն իրենց պաշտոններից, այլև այս դեպքերի վերաբերյալ պետք է հարուցվեն քրեական գործեր արդարադատությանը խոչընդոտելու հիմքով, որի շրջանակներում պետք է քննվի, թե օրինակ քննիչներին ո՞վ և ինչպի՞սի հանձնարարականներ է տվել անմեղ մարդկանց «գլխին սարքելու» համար:
Հուսով եմ այդ քննիչները այս անգամ արդեն այլ նախաքննական մարմնում և այլ ղեկավարների օրոք կպատմեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել: Եվ այդպես, բոլոր նմանատիպ գործերով:

Հ.Գ. գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին»:

Շուրջ մեկ տարի առաջ՝ այս օրերին, հայկական մեդիա տիրույթի թիվ մեկ նորությունը ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, ապա Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, «Մեդլայն կլինիկի» տնօրենի, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դեղակայուն բաժանմունքի ու ևս 8 այլ անձանց ձերբակալությունն էր, ապա, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ հիմնական դերակատարների կալանավորումը։

Ըստ մեղադրանքի՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլյոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։

«Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար…

Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»,- նշված էր Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր