211652_close_icon
views-count967 դիտում article-date 18:57 26-03-2024

Հայաստանում Արգենտինայի նախկին դեսպանը պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ պատվո հուշամեդալով

Հայաստանում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարան Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվո հուշամեդալով: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ պարգևը փոխանցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Արարողությունը տեղի է ունեցել մարտի 25–ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունում, մասնակցել են Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանն ու հյուպատոս Ռուզաննա Ազրոյանը։

«Վերգարան իր անձնական նվիրվածության շնորհիվ փոփոխություն բերեց՝ նպաստելով մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը»,- Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանի խոսքերն է մեջբերել Diario Armenia–ն:

Դեսպանը հիշեցրել է՝ Վերգարայի ջանքերով է հիմնադրել Հայաստանում Արգենտինայի առևտրի պալատը՝ այսպիսով խթանելով առևտուրը, անցկացվել են նաև մշակութային միջոցառումներ:

Արգենտինայում ՀՀ դեսպանն ընդգծել է նաև, որ Վերգարան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն է իրականացրել մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանում: «Անհնար է չընդգծել դեսպան Վերգարայի գործողությունները ճգնաժամային այդ պահերին, նա խորապես ներգրավվեց Հայաստանում կատարվող իրադարձությունների մեջ, այցելեց փախստականներին և միշտ դրսևորեց մարդկային որակներ, որոնք պարզապես մասնագիտական գործունեության շրջանակից շատ դուրս են»,–ասել է դեսպան Վիրաբյանը՝ շեշտելով, որ Վերգարան նշանակալի դեր է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման և Արգենտինայի ցուցաբերած աջակցության գործում:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հավելել է․ «Մենք խորապես երախտապարտ ենք մեր պետության համար նման դժվարին ժամանակներում այն աջակցության համար, որը ցույց տվեց Արգենտինայի Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով: Վերգարային հաջողվել է հաղորդել Հայաստանի և հայ ժողովրդի մասին իրականությանը, այս փաստն էլ նպաստել է Արգենտինայի ներգրավվածությանը»:

Այսպիսով Վերգարային պարգևատրումով Հայաստանը ոչ միայն հայտնում է Արտաքին գործերի նախարարության գնահատանքը Հայաստանում նրա մասնագիտական ​​գերազանց գործունեության համար, այլ նաև հայ ժողովրդի երախտագիտությունն ու բարեկամությունը։

Մարիանո Վերգարան արարողության ընթացքում ընդգծել է, որ Հայաստանը շատ դժվար ժամանակներ է ապրում:

«Դա երկիր է, որը հարձակման է ենթարկվել, դարձել է օկուպացիայի զոհ, ներխուժել են նրա գյուղեր, նրա հիշողությունը փորձում են ջնջել»,–ասել է Վերգարան:

Նա խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին՝ շեշտելով, որ այդ օրերին Սյունիքում է եղել, ականատեղ եղել կատարվածին, ինչը չի կարող մոռանալ:

«Ես հավատացած եմ, որ Հայաստանի պայքարը աշխարհի բոլոր ժողովուրդների պայքարն է՝ իրենց հիշողությունը պահպանելու համար: Դա պայքար է հանուն իրենց մշակույթի, իրենց ապրելակերպի, իրենց հիշողությունը պահպանելու...»,–նշել է Վերգարան:

Նմանատիպ նյութեր