211652_close_icon
views-count481 դիտում article-date 19:32 25-03-2024

ԼՂ-ից տեղահանված 76,339 անձ ՀՀ-ում ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներկայացրել է նախարարության ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կառուցվածքային վերափոխման գործընթացը: Ոստիկանությունը` որպես մասնագիտական կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով` քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանության գվարդիա և համայնքային ոստիկանություն: Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, Երևանում և մարզերում 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումներն ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները:

Վահե Ղազարյանի խոսքով՝ պարեկային ծառայությունը ներդրվել է հանրապետության ամբողջ տարածքում: Այն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում` գործարանային վիճակում գտնվող 630 ավտոմեքենա: Նախարարը մանրամասն ներկայացրել է ծառայության իրականացման ընթացքը, ջրային պարեկների գործունեությունը:

Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ընդունվել են համայնքային ոստիկանության վերաիմաստավորման ու քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Բարձրաձայնվել է Քրեական ոստիկանության կադրային համալրման նպատակով հայտարարված մրցույթի գործընթացը:

Խոսելով ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգից՝ Վահե Ղազարյանը նշել է, որ բացառվում է ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը. այն լինելու է բացառապես ոստիկանական ծառայություն` դուրս բերելով այն զորքերի իրավական կարգավիճակից:

Անդրադառնալով ոստիկանության համակարգում կատարված օրենսդրական բարեփոխումներին` նախարարն ընդգծել է, որ ոստիկաններին ատեստավորման միջոցով աշխատավարձից բացի հավելավճար ստանալու հնարավորություն է տրվել: Նրա խոսքով նախկինում 222,000 դրամ ստացող օպերատիվ աշխատակիցը, ատեստավորումը գերազանց հանձնելով, ստանում է 459,000 դրամ:

Նշվել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները եւս օգտվում են ատեստավորման միջոցով վարձատրությունը բարձրացնելու հնարավորությունից:

Նախարարի համոզմամբ՝ ոստիկանության համակարգի բարեփոխումների արդյունքում է աճել է համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Ըստ նրա` այս մասին են վկայում նաև հասարակական կազմակերպությունների վերլուծությունները:

Նշվել է, որ փրկարար ծառայությունը համալրվել է 8 ամենագնացներով, ձեռք է բերվել 2 անօդաչու թռչող սարք, հաստատվել են աղետների ռիսկերի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:

Մանրամասն ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  աղետների դիմակայության, միգրացիոն հոսքերի կառավարման և այլ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքը:

Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Ներկայումս ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել 76,339 անձ, հաշվառվել 79,682-ը, իսկ քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ:

Հարցուպատասխանի և ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման հարցում բարեփոխումներին, համապատասխան կառույցի կողմից ճանապարհային նշանների ճշգրիտ տեղադրմանը, որոշ վայրերում գծանշումների բացակայությանը, մայրուղիների լուսավորության ապահովմանը, ոստիկանության ուժերի կողմից երբեմն ուժի կիրառման անհամաչափությանը, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում պատժի խստացմանն ու պայքարի արդյունավետության մեխանիզմներին և այլ հարցերի:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ հաշվետու տարում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Նա բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների երեկվա գործողությունները, որոնց արդյունքում կանխվեցին հետագա զարգացումները: Հիշեցնենք, որ երեկ նռնակներով զինված 3 անձ մոտեցել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը:

Նախարարը պատգամավորներին մտահոգող մի շարք այլ հարցերի վերաբերյալ եւս տվել է պարզաբանումներ:

Նմանատիպ նյութեր