211652_close_icon
views-count973 դիտում article-date 19:57 07-03-2024

Երևանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստին, որի ընթացքում կայացել է «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերի՝ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) կառույցի կողմից միջազգային հավատարմագրման հավաստագրի շնորհման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, WFME (World Federation for Medical Education) կազմակերպության ներկայացուցիչները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ներկաներին նշանակալի իրադարձության առիթով և շնորհակալություն հայտնել բուհին՝ տարիների հետևողական, որակյալ և անխոնջ աշխատանքի համար, որը տալիս է սպասված արդյունք. «Բժշկական կրթությունն առանձնահատուկ ոլորտ է, որի կարգավորումները տարբեր երկրներում լրացուցիչ ընթացակարգեր են պահանջում: Եվ, հետևաբար, էլ ավելի կարևոր է արձանագրված արդյունքը. այդ առանձնահատկությունների մեջ լինել լինել ճանաչելի, ընդունված և գնահատված, նշանակում է՝ կայուն որակ: Աշխարհում գործող շուրջ 4 հազար բժշկական հաստատությունների 10 տոկոսում ներառված լինելն արդեն իսկ պատիվ է և հաջողություն»:

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ Կառավարությունը մեծապես կարևորում է բուհի ջանքերը և շարունակելու է հետևողականորեն աջակցել, քանի որ կրթության ռազմավարության կարևոր նախապայման է բուհերի որակի բարձրացումը և միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն ունենալը:

«Բարձրորակ բժշկական կրթությունը հասարակության կյանքի որակի կարևոր ցուցիչ է, որովհետև բարձրորակ բժիշկներ պատրաստելը, առաջին հերթին, երաշխավորում է, որ մեր հանրային առողջապահությունը և հանրային առողջությունը կարող են լինել բավարար մակարդակի` անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև մեր երկիր առավել հաճախ եկող օտարերկրացիներին: Իսկ դրա հիմքը որակյալ կրթությունն է»,-նշել է նախարարը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս փաստել է՝ վերջապես ամփոփվում է տասնյակ տարիների կատարած մեծածավալ աշխատանքը: Ռեկտորի խոսքով՝ այդ աշխատանքների և բուհի միջազգայնացման առանցքում դրված առաջնային նպատակը բժշկական որակյալ կրթություն է՝ ներդաշնակ աշխարհի բոլոր կրթական համալիրների հետ, որոնք ունեն ճանաչելիություն.
«ՀՀ կառավարությունը որդեգրել է բուհերի միջազգայնացման ռազմավարություն, որը նաև իր թվային արտացոլումը պետք է ունենա: Աշխարհում գործող շուրջ 4 հազար բժշկական հաստատությունների միայն 10 տոկոսը՝ 400-ն ունի այս հավաստագիրը: Մեր կատարած ծրագրերն ու հարթակները ճանաչելի են: Մեր շրջանավարտներն ընկալելի են իրենց ավարտական փաստաթղթով, իրենց գիտելիքով և հմտություններով: Համոզված եմ՝ այս իրադարձությունը մեծ հնարավորություններ կբացի մեր շրջանավարտների առջև»,- ասել է Արմեն Մուրադյանը:

WFME-ը ՄԱԿ-ի կողմից ստեղծված կառույց է, որի հիմնական առաքելությունը բժշկական կրթության միջազգային կարգավորումն է։

Այս առաքելությունն իրականացնելու համար ստեղծվել և վերամշակվել են համապատասխան չափանիշներ։ Լայն իմաստով` WFME չափանիշներով սահմանվում է, թե որ կրթությունը կարելի է համարել միջազգայնորեն ընդունելի բժշկական կրթություն։

Հավատարմագրումը հնարավորություն է տալիս ընդլայնել միջազգային ուսանողների աշխարհագրությունը (առավել բարձր եկամուտներ ունեցող երկրներից ուսանողներ), ավելացնել ուսումնառության վարձաչափերը, որպես առավել վստահելի կառույց` խթանել կրթությանն ուղղված միջազգային դրամաշնորհները, ամուր դիրքերում հայտնվել տարածաշրջանային մրցակցության դաշտում և այլն:

Նմանատիպ նյութեր